Գևորգ Սաֆարյանը ազատ չարձակվեց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը, որի ժամանակ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդեց վերացնել Գևորգ Սաֆարկանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին միջոցը։ Փաստաբանը դատարանին ներկայացրեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Ալեն Սիմոնյանի երաշխավորությունները և անդորրագիր՝ 1մլն դրամի չափով վճարում կատարելու վերաբերյալ։

Մեղադրող կողմը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, իսկ Գևորգ Սաֆարյանը, ազատության մեջ գտնվելով, վտանգ չի ներկայացնի հանրության համար։

Գևորգն էլ հայտնեց, որ ինքը երբեք վտանգ չի ներկայացրել հանրության համար. «Եթե դատախազը վտանգ է տեսնում այն բանում, որ ես հանրության առաջ ելույթ եմ ունեցել, ապա ասեմ, որ լավ եմ արել եւ շարունակելու եմ ելույթ ունենալ»,- ասաց նա։ Արդյունքում՝ դատարանը որոշեց ներկայացված միջնորդության քննությունը հետաձգել։

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ևս հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ։ Այս միջնորդությանը եւս մեղադրանքի կողմը չառարկեց։ Դատարանն էլ հայտնեց, որ այս միջնորդության քննությունը ևս հետաձգում է։

«Ես հացադուլ եմ հայտարարում, եթե չեք կարողանում մի հատ որոշում կայացնել»,- ասաց Ներսես Պողոսյանը։

Նշենք, որ դատական նիստերի դահլիճը, ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այսօր ևս լեփ-լեցուն է։

Նիստի հենց սկզբում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը բոլորին կոչ արեց չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին և լռություն պահպանել։

Մեկնաբանություններ