ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոնը տեղեկացնում է․
2016 թվականին ամբողջ ծավալով գործարկվել և արդեն իսկ անխափան գործում է «Հանրային պաշտպանի գրասենյակ» էլեկտրոնային ծրագիրը:
Էլեկտրոնային հանրային պաշտպանի ծրագրի մշակումն ու ներդնումն իրականացվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է հեշտացնել, կենտրոնացնել և առավելագույնս արդյունավետ դարձնել ՀՊԳ գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է ՀՊԳ էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման հնարավորություններ:
«Էլեկտրոնային հանրային պաշտպան ծրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիս, չգտնվելով աշխատավայրում, կատարել իրենց աշխատանքային որոշ գործառույթներ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը թարմացվում է յուրաքանչյուր պահի:
Ծրագրով ներդրված է մոդուլները հնարավորություն են տալիս բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը, հաշվի առնելով համակարգի հետևյալ գործառույթները՝
- հանրային պաշտպանների աշխատաժամանակի տնտեսում և նրանց ծանրաբեռնվածության նվազեցում.
- հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը, փաստաթղթերի կազմումը և շրջանառությունը, տեղեկատվության որոնումն ու առցանց օգտագործումը, ինչպես նաև հանրային պաշտպաններին գործերի մակագրումն ապահովող միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգի առկայություն.
- հանրային պաշտպանի գրասենյակ ուղղված գործերի արդյունավետ բաշխում,
- հանձնարարության (գործի) առցանց մակագրում,
- հանրային պաշտպանի գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում:
- հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում.
- հանրային պաշտպանի կողմից ըստ տարբեր չափանիշների տրամադրվող հաշվետվությունների գեներացում.
- հաճախորդների տվյալների շտեմարանների վարում.
- տիպային փաստաթղթերի գեներացում.
- յուրաքանչյուր գործով (խորհրդատվություն, փաստաթղթի կազմում, ներկայացուցչություն, պաշտպանություն և այլն) առանձին էլեկտրոնային արխիվի վարման հնարավորություն.
- դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում և դրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ համապատասխան հիշեցում.
- էլեկտրոնային արխիվի վարում.
- համակարգում անհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնում:
Ծրագրի միջոցով ապահովվում է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ դիմումների և որոշումների կենտրոնացված և միասնական հաշվառումը, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրոնային մոնիթորինգ և վերահսկողություն մարզերի հանրային պաշտպանների կողմից գործերի վարման ժամկետների և արձանագրված արդյունքների վերաբերյալ:
Այսօր 54 հաստիքով աշխատող 71 հանրային պաշտպան կա, որից 28-ը Երևանում, 43-ը՝ մարզերում:
2017 թվականի առաջին կիսամյակում Հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերի քանակը 3425 է, քաղաքացիական գործերի քանակը՝ 3277: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քրեական գործերն ավելացել են 365-ով, քաղ գործերի աճը՝ 869: