Գոգալաձեն ընդդեմ Վրաստանի

Դիմումատուն՝ Նոդար Գոգալաձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Վրաստանի Ռվելի գյուղում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է իրեն ձերբակալելուց հետո Վրաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելու և այդ առիթով իրականացված հետաքննության երկար ժամկետի մասին։ Սույն գործով հետաքննությունը տևել է շուրջ 8 տարի, իսկ հետո ավարտվել է տեղի իշխանությունների նախաձեռնությամբ։

2008 թվականի փետրվարի 13-ին Դիմումատուն ձերբակալվել է Վրաստանի Բորժոմի շրջանի ոստիկանության ծառայողների կողմից՝ անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար։ Նույն օրը նրան հարցաքննել են որպես կասկածյալ, իսկ հաջորդ օրը՝ որպես մեղադրյալ։ Նա հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն խոստովանել է անչափահասների հետ ունեցած սեռական կապերի մասին։ 2008 թվականի փետրվարի 15-ին Դիմումատուին տեղափոխել են Թբիլիսի քաղաքի թիվ 5 կալանավայր՝ 2 ամիս ժամկետով նախնական կալանքի տակ պահելու համար։

Կալանավայրում Դիմումատուի գլխին և մարմնին վնասվածքներ են հայտնաբերվել։ Սկզբում նա հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների և կալանավայրի վերաբերյալ որևէ բողոք չունի, սակայն, 2008 թվականի ապրիլին Դիմումատուին տեղափոխել են Թբիլիսի քաղաքի թիվ 8 կալանավայր, և Դիմումատուն բողոքել է իրավապահ մարմիններին, որ ոստիկանության բաժանմունքում 5 ծառայողների կողմից ենթարկվել է հոգեբանական ճնշումների և ֆիզիկական խոշտանգումների։ Դիմումատուն նաև հավելել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ինչի արդյունքում նա հարվածներ է ստացել գլխի հատվածում։ Տեղի իշխանությունները Դիմումատուի բողոքի հիման վրա հետաքննություն են սկսել։ Ոստիկանության աշխատակիցները պնդել են, որ Դիմումատուն ծեծի է ենթարկվել բռնաբարության զոհ դարձած անչափահաս աղջկա ազգականի կողմից, նաև հայտնել են, որ ձերբակալման ժամանակ նման վնասվածքներ չեն նկատել Դիմումատուի գլխին։

2008 թվականի հոկտեմբերին դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, և քննվել են մինչ այդ կատարված բժշկական զննումների եզրակացությունները։ Այնուհետև, Դիմումատուն սկսել է բողոքել գլխացավերի և սրտխառնոցի մասին։ Երկրորդ դատաբժշկական փորձաքննությունն իրականացվել է 2009 թվականի մարտին։ Այնուամենայնիվ, Դիմումատուի ստացած վնասվածքների և համապատասխան ժամանակահատվածում նրա առողջական վատ վիճակի միջև կապ փորձագետների կողմից չի հայտնաբերվել։

2016 թվականի հունվարին սույն գործով հետաքննությունը դադարեցվել է, և գործը փակվել է՝ հանցագործության բացակայության հիմքով։ Ըստ երևույթին, Դիմումատուն չի բողոքարկել որոշումը և Դատարան չի դիմել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն բողոքել է ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելու և այդ առիթով իրականացված երկարաժամկետ և ոչ արդյունավետ հետաքննության մասին։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Վրաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 6․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ