Գյումրի քաղաքի 27-ամյա բնակիչը դանակահարել է դատապարտյալին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ, «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2017 թվականի հուլիսի 20-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 35-ից 45 տարեկան մի տղամարդ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թ.-ին թվականի հուլիսի 20-ին, ժամը 03: 25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում գտնվող ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալի եւ Գյումրի քաղաքի 27-ամյա բնակչի միջեւ, որից հետո վերջինս իր մոտ եղած սուր կտրող գործիքով մի քանի անգամ հարվածել է դատապարտյալի մարմնի տարբեր մասերին, առողջությանը պատճառելով ծանր վնաս: Սակայն 27-ամյա երիտասարդի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: դեպքից անմիջապես հետո բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, Գյումրի քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով `դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: