Դիմումատուն՝ Մանանա Գելենիձեն, ազգությամբ վրացի է, ծնվել է 1962 թվականին, բնակվում է Թբիլիսիում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատավոր լինելու ժամանակ անօրինական որոշում կայացնելու համար իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։
Գելենիձեն դատապարտել է մի անձի և վերջինիս ազատազրկման ժամկետը սխալ է հաշվարկել։ Գործի նախնական քննության ժամանակ Գելենիձեն փախել է երկրից։ Առաջին ատյանի դատարանը Գելենիձեի բացակայությամբ մեղավոր է ճանաչել նրան և դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ 2009 թվականի հուլիսին, երկիր վերադառնալուն պես նա ձերբակալվել է։ Այնուհետև, Գելենիձեն բողոքարկել է դատարանի որոշումը՝ պնդելով, որ այն հանցանքը, որի համար նա դատապարտվել է, այդ ընթացքում ապաքրեականացվել է: Սույն գործով դատական նիստերը 3 անգամ հետաձգվել են քննիչի միջնորդությամբ։ Այնուամենայնիվ, 2009 թվականի հոկտեմբերին Քութայիսի Վերաքննիչ դատարանն ընդունել է դատախազի հայցը՝ Գելենիձեի դեմ ներկայացված բողոքի հիմքը փոխելու, հանցագործության վերաորակում կատարելու և նրան պաշտոնեական դիրքը չարաշահելու համար դատապարտելու մասին։ Գելենիձեն դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
2010 թվականին Գելենիձեն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի և 3-րդ կետի խախտում։ Դիմումատուն պնդել է, որ իր դեմ ներկայացված բողոքի հիմքը և առարկան փոխելու մասին կամայական որոշումը կայացվել է օրինական հիմքերի բացակայությամբ։ Դիմումատուն բողոքել է նաև, որ իրեն ժամանակ չի հատկացվել՝ իր պաշտպանությունը նոր մեղադրանքներին համապատասխան պատրաստելու համար, քանի որ դատախազի դիմումը իր հանցագործության վերաորակման մասին ներկայացվել է բողոքարկման վարույթի վերջին օրը:
ՄԻԵԴ-ը դիրքորոշման մեջ նշել է, որ նախ և առաջ ազգային իշխանությունները, հատկապես դատարանները, պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական օրենսդրությունը: Դատարանը պարզաբանել է, որ հանցագործության վերաորակումը չի խախտում իրավական պաշտպանության իրավունքները, եթե ամբաստանյալը դատավարության ընթացքում օրենքով սահմանված կարգով ժամանակ և միջոց ունի պաշտպանվելու: Բացի այդ, գործի քննության ընթացքում պատասխանող Պետությունը պնդել է, որ Դիմումատուն որպես դատավոր աշխատելու ժամանակ դիտավորյալ է սխալ հաշվարկել անձի ազատազրկման ժամկետը։ Սակայն Պետությունը երկակի դիրքորոշումներ է ներկայացրել, որոնցից մեկի մեջ նշվել է, որ Դիմումատուի դեմ բողոքի առարկայի փոփոխություն տեղի չի ունեցել։ Կառավարության ներկայացուցչին ժամանակ է տրվել մեկնաբանել այդ դիրքորոշումը, սակայն նա դա չի արել։ Հաշվի առնելով սույն գործով Դիմումատուի և պատասխանող Պետության դիրքորոշումները, ներկայացված փաստարկները և ապացույցները, ՄԻԵԴ-ը վճռել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Վրաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։