ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։2018 թվականի օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1937 թվականի ծնված բնակչուհին՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տարեց կնոջ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաներում, կնոջն այցելել է հարևանը՝ 41-ամյա տղամարդը, որի ժամանակ էլ վերջինս աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ: Դեպքից հետո տղամարդը դիմել է փախուստի, իսկ տուժած կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ 41-ամյա տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: