Գագիկ Հարությունյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջին պաշտոնում. «Ելք»-ը պնդում է, որ արդյունքները կեղծվել են

Այսօր Ազգային ժողովում պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին  Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ձայների կողմ՝ 96, դեմ՝ 2 հարաբերակցությամբ: 

Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ անդամի, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի օգտին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից կողմ են քվեարկել 90-ը, դեմ՝ 7-ը։

Բարձրագույն դատական խորհրդի անդամի երրորդ պաշտոնում ընտրվեց ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը՝ ձայների կողմ՝ 82, դեմ՝ 15 հարաբերակցությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի չորրորդ պաշտոնում Հայկ Հովհաննիսյանն է՝ ձայների կողմ՝ 86, դեմ՝ 11 հարաբերակցությամբ: Բարձրագույն դատական խորհրդի անդամի հինգերորդ պաշտոնում Սեգեյ Մեղրյանն է՝ ձայների կողմ՝ 87, դեմ՝ 10 հարաբերակցությամբ:

Քվեարկության արդյունքները ներկայացնելուց հետո Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը Գագիկ Հարությունյանի թեկնածության քվեարկության արդյունքները: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ քվեարկությանը մասնակցած «Ելք»-ականները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին, ուստի դեմ 2 ձայն լինելու փաստը խոսում է կեղծված լինելու մասին:

«Լիազորված եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները, ովքեր մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, քվեարկել են դեմ Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը: Եվ սա ես համարում եմ մեծամասնության ներկայացուցիչների կողմից «Ելք» դաշինքի դեմ ուղղված ներքաղաքական մանր ժուլիկություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ պահանջում են վերահաշվարկ կատարել և վերացնել դռնփակ ռեժիմով քվեաթերթիկները հաշվելու գործընթացը, նաև  առաջարկեց, որ այդ գործընթացին ներկա լինեն նաև ԶԼՄ ներկայացուցիչները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ և՛ ինքը, և՛ Գագիկ Հարությունյանը դեմ չեն վերահաշվարկին, քանի որ իրենց համար էական չէ՝ ձայները կլինեն 96, թե՞ 88:

«Դա էական չէ: Ես խնդրում եմ ավելորդ արտահայտություններով նման խլրտումներ չմտցնել մեր բնականոն աշխատանքի մեջ: Եթե ցանկանում եք, կարող եք այդ հաշվարկը նորից կատարել»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: