Բուրգեր Քինգ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ, որոնցից մեկի՝ 8-ամյա աղջիկ երեխայի վիճակը գնահատվում է ծանր։

Մեկնաբանություններ