2016 թվականից Բելառուսը ակտիվ բանակցություններ է վարում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ պետություն դառնալու նպատակով։ Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին Բելառուսի անդամակցության հարցի շուրջ բանակցային գործընթացը շուտ ավարտելու և ԱՀԿ-ի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով։
Այս տարվա սեպտեմբերի 3-ին ԱՀԿ Քարտուղարությունն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որի համաձայն՝ Մինսկում ԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչ Աննա Կարոլինա Մյուլլերը «Պետական գնումներ» խորագրով ազգային սեմինար է անցկացրել։ Վերջինիս խոսքերով՝ ԱՀԿ փորձագետների խումբը նույնպես ժամանել է Բելառուս՝ ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին անդամակցելու վերաբերյալ բելառուսական կողմի հետ բանակցություններ վարելու և պայմանագրի դրույթների մասին բացատրական աշխատանք կատարելու համար:
«Վերջերս Բելառուսը կարևոր քայլեր է ձեռնարկել և բավականին ակտիվ երկխոսություն է նախաձեռնել՝ ԱՀԿ-ին միանալու և ԱՀԿ Պետական գնումների համաձայնագրին անդամակցելու ուղղությամբ»,- հաղորդել է ԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչը։