Բարձրագույն դատական խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը և Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը: Այս մասին հանտնում է ՀՀ Դատական դեպարտամենտը։
Ըստ դեպարտամենտի հաղորդագրության՝ 2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերոնշյալ իրավակարգավորումները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է նաև Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:
Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Ասատրյան Համլետ – 2, Անտոնյան Սուրեն – 1, Ավանեսյան Վարդան – 0
Ավետիսյան Սերժիկ – 2, Բարսեղյան Արտակ- 0 Դանիելյան Ելիզավետա – 0
Դրմեյան Մամիկոն – 0 Թադևոսյան Լիլիթ – 0, Խունդկարյան Երվանդ – 2
Հակոբյան Գոռ – 2, Միքայելյան Ստեփան – 1, Պետրոսյան Տիգրան – 0
Պողոսյան Արթուր – 0, Տավարացյան Նախշուն – 0, Օհանյան Սամվել – 0
Դատական օրենսգիրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառմամբ՝ եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։
Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացել է 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն։
Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ հոդվածի պահանջը՝ «Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն», Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նոր ընտրությունը կատարվելու է նույն՝ ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգի, համաձայն և նույն կազմով։