Բացահայտվել է բնակարանային գողությունը

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է բնակարանային 5 գողության դեպք, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Աջափնյակ վարչական շրջանի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքի առթիվ կատարված քննության արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողության 4 դեպքերը կատարվել են նույն անձի կողմից, տվյալներ ձեռք բերվել՝ գողոնը թաքցնելուն աջակցած անձի ինքնության վերաբերյալ։

Քննչական գործողությունների, մասնավորապես՝ վկաների հարցաքննության արդյունքում  բացահայտվել է նույն անձի կողմից մեկ այլ վարչական շրջանի տարածքում՝ Շենգավիթում դեռևս հուլիս ամսին կատարված բնակարանային գողությունը։

Աէրացիա 2/5 շենքի բնակարանից հուլիսին հեռուստացույց գողանալու դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանում հարուցված քրեական գործը միացվել է Աջափնյակ վարչական շրջանում բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է կատարված գողության եղանակը, հայտնաբերվել գողացված հեռուստացույցը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել բնակարանային գողության 5 դրվագի համար, ևս մեկ անձի՝ կատարված հանցագործությունները պարտակելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություններ