Բացահայտվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու նոր դրվագներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու նոր դրվագներ:

Մասնավորապես, պարզվել է, որ տարբեր ապրանքների անօրինական ներկրման հարցում ՊԵԿ պաշտոնատար անձանց հովանավորչությունը ստանալու նպատակով Ա. Մ.-ն, Հ. Լ.-ն, Ս. Ա.-ն խոշոր չափերով կաշառք են տվել Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներին: Դրա դիմաց վերը նշված քաղաքացիները հնարավորություն են ստացել առանց օրենքով սահմանված ստուգումների, ապրանքների հայտարարագրման և մաքսատուրք վճարելու տարբեր ապրանքներ ներկրել ՀՀ տարածք:

Վերոհիշյալ անձինք ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու կասկածանքով:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչները Վրաստանից տարբեր ապրանքների, այդ թվում` ավտոպահեստամասերի, կենցաղային իրերի և միրգ-բանջարեղենի անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր ՀՀ քաղաքացիների թույլատրել են կաշառքի դիմաց անօրինական ճանապարհով ապրանքներ ներկրել ՀՀ տարածք:

Հիշյալ քրեական գործով նախկինում արդեն մեղադրանք էր առաջադրվել 4 անձանց, այդ թվում` ՀՀ ԿԱ ՊԵԿ երկու մաքսային տեսուչների: Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ