Ա․Տ․-ն ընդդեմ Էստոնիայի 

Դիմումատուն ազգությամբ էստոնացի է, ծնվել է 1977 թվականին։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս կրում է իր պատիժը բանտում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է բանտի տարածքից դուրս բժշկական հետազոտությունների ենթարկվելու և հիվանդանոցում իր նորածին երեխային այցելելու ժամանակ իր նկատմամբ կիրառված անվտանգության միջոցների մասին։

2008 թվականին Դիմումատուն դատապարտվել է ցմահ ազատազրկման և տեղափոխվել է Էստոնիայի Տարտու քաղաքի քրեակատարողական հիմնարկ։ Բանտի աշխատակիցների ուղեկցությամբ՝ 2010 թվականի նոյեմբերին և 2011 թվականի հոկտեմբերին Դիմումատուն այցելել է հիվանդանոց՝ բժշկական հետազոտությունների ենթարկվելու համար։ Ռիսկի գնահատումից հետո քրեակատարողական մարմինները կարգադրել են Դիմումատուին հիվանդանոցում ձեռնաշղթաներ կրել։ Դիմումատուի խոսքերով՝ հիվանդանոցում բանտի աշխատակիցները չեն լքել հետազոտության սենյակը, ականջ են դրել բժիշկի հետ իր խոսակցությանը և չեն թույլատրել իրեն քաղաքացիական հագուստ կրել։

2012 թվականի հունվարին Դիմումատուն հիվանդանոցում այցելել է իր ծանր հիվանդ նորածին դստերը՝ բանտի աշխատակիցների ուղեկցությամբ։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ բանտի աշխատակիցները կրկին կարգադրել են Դիմումատուին հիվանդանոցում ձեռնաշղթաներ կրել։ Դիմումատուն բողոքել է, որ բանտի աշխատակիցներն իրեն արգելել են նույնիսկ դիպչել իր նորածին երեխային, այցելության ամբողջ ընթացքում ուղեկցել են իրեն՝ մասնակցելով անգամ իր դստեր բժիշկի հետ տեղի ունեցած խոսակցությանը։

Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարան՝ հիվանդանոց այցելություններ կատարելու ժամանակ անվտանգությունն ապահովելու պատրվակով բանտի աշխատակիցների կողմից կիրառված միջոցների վերաբերյալ։ Սակայն 2013 թվականի հունվարին Էստոնիայի Տարտու քաղաքի Վարչական դատարանն ամբողջությամբ մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 3-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ  տեղի է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է հիվանդանոցում հետազոտվելու և իր նորածին երեխային այցելելու ժամանակ անվտանգությունն ապահովելու պատրվակով քրեակատարողական մարմինների կողմից իր նկատմամբ կիրառված միջոցների մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 1.500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ