Արցախի ոստիկանությունը շարունակում է հսկել բողոքի ակցիան

2018 թվականի հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի ճանապարհին իրականացվել է խաղաղ հավաք, որը վերսկսվել է հաջորդ օրը ժամը 11:00-ի սահմաններում և գիշերային դադարով շարունակվում է մինչ այժմ:

Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.  «Արցախի Հանրապետության ոստիկանությունը արձանագրում է, որ ի սկզբանե ապահովել է հավաքի մասնակիցների ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի անխոչընդոտ իրականացումը՝ կարգավորելով հավաքի վայրի ճանապարհատրանսպորտային երթևեկությունն այնպես, որ այն չխոչընդոտի հավաքի իրականացմանը: Բացի այդ որևիցե իրավական կամ վարչական ներգործություն հավաքի մասնակիցների նկատմամբ չի իրականացվել:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ից ի վեր քաղաքացիներից ստացել ենք մի շարք բողոքներ և դժգոհություններ տեղաշարժման ազատության իրենց սահմանադրական իրավունքի սահմանափակման կապակցությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքը անց է կացվում Ստեփանակերտի տրանսպորտային կարևոր հանգույցի՝ ավտոկայանի մերձակա ճանապարհին:

Կարևոր է ընդգծել, որ հավաքների ազատության  սահմանադրական իրավունքն անհրաժեշտ է հավասարակշռել այլ սահմանադրական իրավունքներին, այդ թվում ազատ տեղաշարժվելու իրավունքին: Հավաքների ազատությունը չպետք է անհամաչափ սահմանափակի այլ քաղաքացիների տեղաշարժման ազատությունը, իսկ սահմանափակման համաչափությունը որոշելիս ի թիվս այլոց, հաշվի է առնվում հավաքի անցկացման վայրը և տևողությունը: Ելնելով վերոգրյալից՝ հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկում ենք հավաքը շարունակելու մտադրության դեպքում այն իրականացնել Արցախի պետական համալսարանի դիմացի «Ուսանողական» պուրակում:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցություն իրականացնելու համար լիազորվել է ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ  Գագիկ Հարությունյանը»,-ասվում է հայտարությունում։

Մեկնաբանություններ