Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) քարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարում Ուկրաինայի հետ՝ երկրին հերթական վարկ տրամադրելու հարցի շուրջ։ Սեպտեմբերի 13-ին ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընդլայնված վարկային հինգամյա ծրագրի շրջանակներում Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին պայմանավորվածությունը կդադարեցվի նախատեսված ժամկետից շուտ։
Նշենք, որ հինգամյա վարկային ծրագրի գործողության ժամկետը լրանում է 2019 թվականի ապրիլին։ Ծրագրով նախատեսված է 17․5 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային։ Ուկրաինան արդեն ստացել է 8․7 մլրդ դոլար, սակայն օրեր առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՀ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել՝ հինգամյա վարկային ծրագիրը դադարեցնելու և Ուկրաինային մեկ ու կես տարի ժամկետով «Ստենդբայ» ստանդարտ նոր վարկ տրամադրելու հարցի շուրջ։ Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու գումարի չափը կարող է տատանվել 4-ից մինչև 5 մլրդ դոլար։
ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը նոր վարկ հատկացնելու համար պահանջներ է առաջադրել Ուկրաինային: Այսպիսով, ԱՄՀ-ից գումար ստանալու համար Ուկրաինան պարտավոր է բնակչության համար գազի սակագները բարձրացնել 25%-ով։ Ընդ որում, գազի սակագները բարձրացնելու գործընթացը պետք է մեկնարկի այս տարվա հոկտեմբերին, իսկ 2019 թվականի գարնանը նախատեսված նախագահական ընտրություններից հետո բնակչության համար գազի սակագները պետք է բարձրանան ևս 15%-ով։ Աստիճանաբար գազի գնի բարձրացումը ԱՄՀ փորձագետների հետ ձեռք բերված համաձայնության միակ զիջումն է։
Ավելի վաղ, հայտարարվել է, որ ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը Ուկրաինայում ստուգումներ իրականացնել, քննարկել վերջին շրջանում երկրի տնտեսական զարգացումները և Ուկրաինայի վարած տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև՝ բանակցություններ վարել՝ ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային հերթական վարկ հատկացնելու հարցի շուրջ։ Այս կապակցությամբ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք ստիպված են կատարել ԱՄՀ ներկայացուցիչների առաջադրած պայմանները, հակառակ դեպքում՝ նրանք չեն կարող ԱՄՀ-ից տրանշ ստանալ։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը շարունակում է բանակցել ԱՄՀ ներկայացուցիչների հետ՝ բնակչության համար գազի սակագները ոչ ավել քան 23%-ով բարձրացնելու հարցի վերաբերյալ։