Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Արգենտինային տրամադրվող վարկի գումարը 

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Արգենտինայի իշխանությունները համաձայնության են եկել՝ Բուենոս Այրեսին հատկացվող վարկի գումարի չափը բարձրացնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ Գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը՝ Նյու Յորքում Արգենտինայի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Նիկոլաս Դուխովնեի հետ համատեղ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիմնադրամի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Արգենտինան  50 մլրդ դոլար գումարի չափով վարկ ստանալու փոխարեն կստանա 57․1 մլրդ դոլար։ Ֆինանսական օգնությունը կփոխանցվի երկրին մինչև 2021 թվականը։

Ավելի վաղ, Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանդես է եկել այն հայտարարությամբ, որ երկրի կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ վարկ ստանալու նպատակով։ Նրա խոսքերով՝ վերջին ժամանակաշրջանում Արգենտինայում ֆինանսական ճգնաժամ է սկսվել։ Դա պայմանավորված է արտաքին տնտեսական վիճակի վատթարացմամբ և նավթի գների բարձրացմամբ, իսկ Արգենտինայի կայուն վիճակը մեծապես կախված է արտաքին ֆինանսավորումից, ինչն էլ հանգեցրել է պետական ​​բյուջեի հաշվին կատարվող ծախսերի ավելացմանը։ Այնուհետև, Նիկոլաս Դուխովնեն Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՀ-ն և Արգենտինան պայմանավորվածություն ունեն՝ «Ստենդբայ» ստանդարտ վարկի տրամադրման մասին։ Նրա խոսքերով՝ վարկի տրամադրման պայմանները ենթադրում են, որ 2019 թվականին գնաճը կկազմի 17%, 2020 թվականին կկազմի 13%, իսկ 2021 թվականին՝ 9%:

«ԱՄՀ-ն հավատարիմ է Արգենտինայի հետ ձեռք բերված համաձայնությանը և շարունակելու է օգնություն հատկացնել երկրին։ Ես լիովին աջակցում եմ Արգենտինայի կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրին և կարծում եմ, որ այդ ծրագիրը կօգնի կայունացնել երկրի տնտեսությունը», – հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՀ Գործադիր տնօրենը:

Այս տարվա օգոստոսին ԱՄՀ Գործադիր տնօրենի և Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի միջև մի քանի հեռախոսազրույցներ են տեղի ունեցել։ Քննարկումներից հետո կողմերը համաձայնության են եկել նաև վարկային ծրագրի ժամկետները վերանայելու հարցի շուրջ՝ ֆինանսական շուկայում սպասվող դժվարությունների պատճառով:

Մեկնաբանություններ