Արզումանյանն ընդդեմ Հայաստանի

Գործը վերաբերում է «փողերի լվացման» պատճառով ՀՀ ԱԳ նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կալանավորմանը։

Դիմումատուն՝ Ալեքսանդր Արզումանյանը, ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և տեղափոխվել կալանավայր։ Դատարանը նրա կալանավորման մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով հանցանքի ծանրությունը և նրա՝ իրավապահներից խուսափելու, արդարադատութանը խոչընդոտելու և օրենքը կրկին խախտելու ռիսկը։ Հակառակ Արզումանյանի առարկություններին՝ դատարանը նուն հիմքով երկարաձգում է նրա կալանքի ժամկետը։ Սեպտեմբեր ամսին նա կալանքից ազատվում է, խափանման միջոց սահամանվում է ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը (ազատության և անձեռնմխելության իրավունք/ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունք)՝ Արզումանյանը պնդում է, որ ներպետական դատարանները չեն կարողացել բավարար կերպով հիմնավորել իր կալանքը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հղում կատարելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ընդհանուր սկզբունքին, նշում է, որ կալանքի երկարաձգումը Հայաստանում դարձել է կրկնվող խնդիր։

Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները որոշում են ընդունել առանց հաշվի առնելու  տվյալ գործի առանձնահատկությունները և չեն հիմնավորել Դիմումատուի փախուստի դիմելու և հետաքննությանը խոչընդոտելու ռիսկը։

Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները չունեին բավարար հիմքեր Արզումանյանին կալանավորելու և կալանքի ժամկետը երկարաձգելու համար։

Այսպիսով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ՀՀ կառավաությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Արզումանյանին կվճարի 2000 եվրո և 500 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։

 

Մեկնաբանություններ