Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ռուսաստանի Դաշնություն կատարած երկօրյա այցի շրջանակում, նոյեմբերի 24-ին հանդիպել է ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում:
Նախարարը ներկաների խնդրանքով անդրադարձել է երկօրյա աշխատանքային այցի նպատակներին, ներկայացրել արդյունքները՝ առանձնացնելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նա անդրադարձել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումներին: Հովհաննես Մանուկյանը լսել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի քաղաքացիներին հուզող առավել կարևոր խնդիրների վերաբերյալ ասոցիացիայի անդամների տեսակետները:
Փաստաբանները ներկայացրել են Հայաստանի քաղաքացիների իրավական օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունները և ընթացիկ խնդիրները, մասնավորապես` ամուսնա-ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական կացության խնդիրներին առնչվող որոշ հարցեր:
Հանդիպմանը քննարկվել է նաև Ասոցիացիայի կողմից Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի իրավական սպասարկման աշխատանքը: Ներկաները նախարարին հավաստիացրել են, որ հայրենիքի իրավաբանների հետ կապերն ամրապնդելու, նոր գործընկերներ ձեռք բերելու , Հայաստանում և Ռուսաստանում գործարքների և ներդրումների իրավական սպասարկումն ապահովելու անհրաժեշտություն կա և պատրաստակամություն են հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել Հայաստանի համապատասխան մասնագետների հետ: Քննարկվել են նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպչական հարցերը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին