«Արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավորը ԱԺ նոր նստաշրջանին երկու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու։ Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է  բուքմեյքերական գրասենյակների գործունեության և պաշտոնյաներին տրամադրվող ծառայողական մեքենաների վերաբերյա առաջարկներ ունենալու մասին։ 

«1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (և՛ ինտերնետ և՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն։ Օրենքով արգելելուց բացի ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։

2. Օրենքով սահմանել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ՀՀ-ում կունենան ծառայողական մեքենաներ (Անվտանգության խորհրդի անդամներ +): Օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ (պետությունը կարող է նախընտրել outsourcing-ը ևս որպես տարբերակ), մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով կառավարության կողմից սահմանված պետական պաշտոնյաները (ավելի ընդլայնված ցանկ, քան այսօր անհատական ծառայողական մեքենաներ ունեցողներն են) պատվիրում են մեքենա։ Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը, առանց բյուրոկրատական միջամտության։ Պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի և պատվերի տևողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային և թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված “պադավատների” թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»։

Իր գրառման մեջ պատգամավորը հույս է հայտնել, որ առաջարկներն օրենքի տեսք կստանան՝ գործընկերների աջակցությամբ։

Մեկնաբանություններ