Ընթացիկ տարվա հուլիսի 23-ին ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեմ Կատարի ներկայացրած հայցը։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Միջազգային դատարանը վճռել է, որ՝
-
2017 թվականի հունիսին ԱՄԷ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների արդյունքում երկրից արտաքսված բոլոր կատարցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց նախկին բնակավայր և միանալ իրենց ընտանիքներին,
-
ԱՄԷ իշխանությունների կողմից իրականացված արտաքսման քաղաքականության արդյունքում կատարցի դպրոցականների և ուսանողների ընդհատված ուսումը պետք է շարունակվի, ուսանողները պետք է ունենան Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց ուսումը շարունակելու հնարավորություն, ինչպես նաև՝ կարող են հետ ստանալ իրենց փաստաթղթերը նախկին ուսումնական հաստատություններից՝ ուսումը մեկ այլ երկրում շարունակելու համար,
-
ԱՄԷ իշխանությունները պարտավոր են ապահովել իրենց կողմից իրականացված խտրական քաղաքականության հետևանքով տուժած բոլոր կատարցիների ԱՄԷ դատարանների մատչելիությունը և ԱՄԷ դատական ատյաններին դիմելու ազատ իրավունքը։
Միջազգային դատարանը վճռել է, որ վերոգրյալ որոշումները պարտադիր են Արաբական Միացյալ Էմիրությունների համար և ենթակա են կատարման։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսին ԱՄԷ-ը և արաբական ևս 3 երկրներ հայտարարել են՝ Դոհայի հետ հարաբերությունները խզելու որոշման մասին։ Այնուհետև, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը երկրում բնակվող Կատարի բոլոր քաղաքացիների նկատմամբ խտրական քաղաքականություն է վարել։
Այսպիսով, Կատարը Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կատարցիների քաղաքացիական և սեփականության իրավունքների խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Կատարը բողոքել է, որ ԱՄԷ իշխանությունները արտաքսել են երկրում բնակվող կատարցիներին, արգելել են կատարցի դպրոցականներին և ուսանողներին շարունակել ուսումը, ընդհատել են Կատարի քաղաքացիների բուժումը հիվանդանոցներում և բռնագրավել են կատարցի գործարարների ակտիվները։
Միջազգային դատարանը արձանագրել է, որ երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ վեճի լուծման հետագա փուլերի վրա կամ հանգեցնել ներկայիս իրավիճակի վատթարացմանը։