«Արա՛, հանգստացի մի հատ». դատախազը դիմեց Պավլիկ Մանուկյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակլվեց ՊՊԾ գունդը գրաված ‹‹Սասնա ծռեր›› խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց սույն գործում ներգրավել հանրային պաշտպաններ՝ մեղադրյալների պաշտպանությունն իրականացնելու համար:

Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ՝ փաստաբանների բացակայության պատճառով, նիստը հետաձգվել էր, ինչի համար դատավորը դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ:

Այս մասին իրենց դիրքորումը հայտնեցին «Սասնա ծռեր» խմբի անդամները, վերջիններիս խոսքերով իրենք դեմ են հանրային պաշտպանների ներկայությանը, բացի այդ դատարանը առանց իրենց ցանկության է հանրային պաշտպաններին ներգրավում գործում:

«Դուք առանց մեր կարծիքը հաշվի առնելու միանգամից փաթաթում եք: Ես իմ պաշտպաններին տեսնում եմ որպես փաստաբան և տեսնելու եմ: Թքած ունեմ այդ որոշումների վրա էլ, էդ նկատողությունների վրա էլ»,- իր խոսքում նշեց Պավլիկ Մանուկյանը:

Պավլիկ Մանուկյանը դատարանին հայտեց, որ իր փաստաբանների գործունեությունը սույն գործով կասեցվել է, ինչի հետևանքով կասեցվել է նաև մյուս գործով. «Սա մի երևույթ է, որտեղ դատական համակարգը չի գործում, չի գործում նաև մյուս գերատեսչությունները: Ես չկարողանա՞մ իմ փաստաբանին տեսնեմ, հիմա էլ բերել եք հանրային պաշտպաններին եք բռնի դեմ տալիս, չի կարելի: Միանգամից որոշումը կարդացեք պրծեք»:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն էլ հարցով դիմեց դատավորին՝ «Էս ամենը պարտադրված է հա՞ ընկեր Մակյան»:

«Ո՛չ դուք եք մեզ համար դատարան, ո՛չ  ձեր բերած պաշտպաններն են  մեզ համար պաշտպան, բոլորը ռեժիմի գործիքներ են: Ըստ այդմ մեր վերաբերմունքն էլ համապատախան է դրան»,- այս մասին էլ ասաց Վարուժան Ավետիսյանը:

Այնուհետև իր դիրքորոշումը ցանկացավ հայտնել դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ դատարանի որոշումը պատճառաբանված է և իրավաչափ, սակայն վերջինիս խոսքն ընդհատեց Պավլիկ Մանուկյանը: Դատարանը նախազգուշացրեց նրան, սակայն վերջինս շարունակում էր բղավել իր տեղից. «Ես թքած ունեմ ձեր որոշումների վրա: Հեռացրեք ինձ»,- տեղից բղավեց Մանուկյանը:

Վիճաբանություն սկսվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների և մեղադրող կողմի միջև: Լարված իրավիճակ և  խառնաշփոթ առաջացավ նիստերի դահլիճում, տեղից արձագանքեց նաև Արայիկ Խանդոյանը, սակայն ապակեպատ պատնեշից այս կողմ ձայնը լսելի չէր: Դատավորը նախազգուշացումից հետո որոշեց Արայիկ Խանդոյանին  հեռացնել նիստերի դահլիճից: Այդ ընթացքում Պավլիկ Մանուկյանը դիմեց դատավորին՝ «Խի՞ ես էս թուրքին բերել նստացրել դեմս», որին ի պատասխան Պետրոս Պետրոսյանը հայտնեց՝ «Թուրքը դու ես»: Այնուհետև արտահայտություններ և բղավոցներ հնչեցին նիստերի դահլիճում և մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը բարկացած բղավեց՝ «Արա՛, հանգստացի մի հատ»:

Դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ, իսկ Պավել Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին և Սմբատ Բարսեղյանին հեռացրեց նիստերի դահլիճից:

Այս հանգամանքը զայրացրեց պաշտպանական կողմին, վերջիններս առարկեցին դատավորի գործողությունների դեմ:

«Այսօր դուք այդ իշխանությունն ունենք, ինչ ուզեք այն էլ կանեք: Եթե  պետք է մարդ կվիրավորեք, միևնույն է պաշտպանական կողմը չունի որևէ լծակ և այս ամենի միջով պետք է անցնի: Կանցնեք ի՞նչ ա եղել: Խնդրում եմ փաստաբանական համայնքը վերջնականպես մի կործանեք»,- այս մասին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ ցանկանում է հեռանալ նիստերի դահլիճից, սակայն դատավորը նրան թույլ չտվեց: Արայիկ Պապիկյանը որոշեց լքել նիստերի դահլիճը, ինչի համար դատավորը կիրառեց նախզգուշական սանկցիա:

Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանն էլ դատարանին հարցրեց, թե դատախազն ի՞նչ պետք է անի, որպեսզի նրա նկատամամբ ավելի խիստ սանկցիա կիրառվի. «Երևի՞ պետք է ծեծի կամ գնդակահարի մեր պաշտպանյալներին» :

Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ դատարանին միջնորդեց դիմել գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու համար:

 «Այստեղ տեղի է ունեցել հանցագործություն: Ազգային հերոսին թուրք անվանելը հանցագործություն է: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ դատախազը վիրավորում է մեր պաշտպանյալներին»,- հայտնեց փաստաբանը:

Դատական նիստը բոյկոտեցին «Սասնա ծռեր» խմբի անդամների համախոհները, վերջիններս Արայիկ Պապիկյանի հեռանալուց հետո լքեցին նիստերի դահլիճը:

Այնուհետև դատարանը շարունակեց հրապարակել գործում եղած գրավոր ապացույցները:

Մեկնաբանություններ