«Արա՛, բան ես ասում, բարձր ասա»,- դատախազը դիմեց Ն. Պողոսյանին. սանկցիաներ, հացադուլի մասին հայտարարություն և լարված իրավիճակ Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունն այնքան էլ հարթ չընթացավ:
Նիստը սկսվելուց անմիջապես հետո, դատավոր Գրիգորյանը սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց ամբաստանյալներ Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի, Ներսես Պողոսյանի և Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ: Վերջիններս ոտքի չէին կանգնել քարտուղարի՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» խոսքի ժամանակ, այսպիսով անհարգալից վերաբերմունք ցույց տվել դատարանի նկատմամբ:

Դատարանի դահլիճ բերվեց գործով վկա Սերգեյ Գրիգորյանը: Նա նշեց, որ շինարարության գործով մարզից եկել է Երևան, սակայն հանդիպումը հետաձգվելու պատճառով, համագյուղացու՝ Հովհաննես Մինասյանի միջնորդությամբ գնացել է Բակունցի փողոցում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակ, որտեղ գիշերել է:

Հանրային պաշտպան Աննա Ջուվանովան կասկածեց, որ սույն մարդն այն նույն անձն է, որը նախաքննության փուլում ցուցմունք է տվել և խնդրեց դատավորին ստուգել վկայի փաստաթղթերը: Դատավոր Գրիգորյանն անձամբ ևս մեկ անգամ պահանջեց վկայի անձնագիրը, բարձրաձայն ընթերցեց տվյալները. վկան նույն անձն էր:

Վկա Գրիգորյանի կցկտուր ցուցմունքը հասկանալի չէր կողմերին, իսկ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը վկայի նախաքննական ցուցմունքի հետ համեմատելով էական տարբերություններ նկատեց: Պաշտպանը միջնորդեց դատարանին, որ հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Նախաքննական ցուցմունքն իրապես տարբերվում էր վկայի այսօրվա ցուցմունքից, իրար հակասող պատասխանները հաջորդում էին մեկը մյուսին: Նախաքննական ցուցմունքում Սերգեյ Գրիգորյանը նշել էր, որ գրասենյակ մտնելուց հետո իրեն ծանոթացրել են Ժ. Սեֆիլյանի մտադրությունների հետ, ներկայացրել նրա ծրագրերը, որից հետո առաջարկել են պայմանագիր կնքել, ինչը մերժել է, քանի որ «բռնություն կիրառելուն դեմ է»:

 «Համացանցից և հեռուստատեսությունից իմացա, որ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում անկարգություն և անհնազանդություն իրականացնել: Էդ ժամանակ իրենք ասեցին, որ բռնությանը բռնությունով են պատասխանելու: Ես էլ հրաժարվեցի, քանի որ տղաս սահմանում էր ծառայում, էդ անկարգությունների առիթից թշնամին կօգտվեր»,- նշված էր նախաքննական ցուցմունքում:

Այնինչ, վկան մինչ նախաքննական ցուցմունքի հրապարակվելն ասել էր, որ չի օգտվում համացանցից, տեղյակ չէ Սեֆիլյանի կոչերից, իրեն ոչ մի պայմանագիր չեն տվել ստորագրելու: Պաշտպան Պապիկյանի հարցերի շնորհիվ վկայի հիշողությունը կամաց-կամաց լավանում էր, սակայն, թե ի՞նչ կապ ուներ վերջինս այս քրեական գործի հետ, այդպես էլ մութ մնաց:

Արայիկ Պապիկյանը խնդրեց վկային բացատրել, թե ինչ են նշանակում «խժդժություն» և «մոբիլիզացիա» բառերը, որոնք վկան օգտագործել էր նախաքննական ցուցմունքում: Վկայի կցկտոր խոսքից պարզվեց, որ այնքան էլ լավ չի տիրապետում այդ բառերի բացատրություններին:

Դատավորն ընդհատեց հարցաքննությունը, ասելով, որ ավարտվել է Ժ. Սեֆիլյանի և Գ. Սաֆարյանի նկատմամբ կիրառված սանկցիա ժամկետը և նրանք հրավիրվեցին դատական դահլիճ:

Գևորգ Սաֆարյանը նստած տեղից դիմեց դատարանին, պահանջելով իր պաշտպան Տիգրան Եգորյանին: Դատավոր Գրիգորյանը մի քանի անգամ նախազգուշացրեց ամբաստանյալին, որ ոտքի կանգնի և նոր խոսի, սակայն, Սաֆարյանը նստած մնաց: Դատարանը կրկին սանկցիա կիրառեց Գ. Սաֆարյանի նկատմամբ և 4 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:

Ժ. Սեֆիլյանի համար նշանակված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարանին.

«Հաշվի առնելով Սեֆիլյանի առողջական վիճակը, միջնորդում եմ, որ նա նստած վիճակում ուղղի իր հարցերը դատարանին և դատարանն այդ հանգամանքը չդիտարկի որպես անհարգալից վերաբերմունք: Մյուս միջնորդությունս հետևյալն է. ես Ժիրայր Սեֆիլյանի անունից հայտարարում եմ, որ ինքն ունի իր կողմից ընտրված պաշտպաններ և այս պահից սկսած ցանկանում եմ, որ պայմանագրային փաստաբանները զբաղվեն նրա պաշտպանությամբ»:

Դատավոր Գրիգորյանը դիմեց Սեֆիլյանին, հարցնելով՝ ունի՞ առողջական խնդիրներ, արդյոք համաձա՞յն է պաշտպանի միջնորդության հետ:

Սեֆիլյանը նստած տեղից հայտարարեց, որ Մարինե Թովմասյանն իր պաշտպանը չէ և հրաժարվում է հանրային պաշտպանից.

«Ես առողջական խնդիրներ չունեմ, ոտքի չեմ կանգնել, որովհետև չեմ ցանկացել»:

Նախագահող դատավորը մի քանի անգամ զգուշացրեց մեղադրյալին, որ, եթե շարունակի նստած տեղից խոսել, ապա կհեռացվի նիստերի դահլիճից: Սեֆիլյանը շարունակեց նստած խոսել, ինչից հետո դատարանը 4-ժամյա սանկցիա կիրառեց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ և նրան հեռացրեց դատական դահլիճից:

Դատարանը Մարինե Թովմասյանի երկու միջնորդություններն էլ հանեց: Հանրային պաշտպանն առարկեց նախագահող դատավորի գործողությունների դեմ, պատճառաբանելով, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերում ամբաստանյալների նկատմամբ.

«Ինչո՞ւ եք ամբաստանյալներից մի քանիսին անընդհատ սանկցիա՝ նախազգուշացում կիրառում, իսկ իմ պաշտպանյալին ընդամենը 2-3 նախազգուշացումից հետո հեռացնում նիստերի դահլիճից: Ինչո՞ւ եք հենց 4 ժամով հեռացնում ամբաստանյալներին, ինչո՞վ է դա պայմանավորված, ինչքանո՞վ է իրավաչափ: Կարող էիք հարցը կարգավորել ընդամենը կես ժամ կամ մեկ ժամ հեռացնելով»:

Արայիկ Պապիկյանը ևս առարկեց նախագահող դատավորի «օրենքից դուրս» գործողությունների դեմ, նշելով, որ դատարանը հարգանք պահանջում է տարբերակված մոտեցում ցուցաբերելով:

«Մի շարք անձանց համար դիրքորոշում է ձևավորել. մի քանի ամբաստանյալների նկատմամբ դատարանն ավելի խիստ սանկցիաներ է կիրառում: Օրենսդիրը ոչ մի սահմանում չի դրել, թե ինչ է նշանակում դատարանի նկատմամբ հարգալից լինել, հետևաբար դատարանը պետք է հետևողական լինի և պատճառաբանված գործողություններ իրականացնի, որոնք կանխատեսելի լինի նաև մեզ համար: Ձեր գործողություններով Դուք հուշում եք, որ դատարանը կորցրել է այն բոլոր համոզմունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ անաչառության և անկողմնակալության: Այս պայմաններում Դուք հանդես չեք գալիս որպես օբյեկտիվ և անաչառ դատարան»,- իր խոսքն ավարտեց պարոն Պապիկյանը:

Մինչև կանցնեին վկայի հարցաքննության շարունակությանը, Մարինե Թովմասյանը կոչով դիմեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանին, նշելով, որ եթե իրոք ցանկանում է պաշտպանություն իրականացնել, ապա դատավարությունը լայն հնարավորություն է տալիս այս հարցին լուծում տալու համար:

Շարունակվեց վկա Սերգեյ Գրիգորյանի հարցաքննությունը, որի ավարտից հետո նիստերի դահլիճ հրավիրվեց հաջորդ վկան՝ Վարուժան Մելքոնյանը: Նա տաքսու վարորդ էր, որը Հովհաննես Պետրոսյանի և մեկ այլ անձի հետ 2016թ. ամառն իր մեքենայով տեղափոխել էր տոնածառ:

«Հովհաննեսին շատ վաղուց եմ ճանաչում: Ամառն էր, զանգեց ասեց, որ պետք ա իրար հետ գնանք Ջրվեժի դաչեքը, որ տոնածառ բերի: Իր ա հետ 30 տարեկանի մոտ, նիհար, բոյով տղա կար: Գնացինք Հովոյի ասած տեղը, մի քիչ ման եկանք էդ տունը, հետո Հովոն մտավ տուն, կես ժամից տոնածառով դուրս եկավ: Քանի որ հող կարար լիներ մեքենայիս բեռնախցիկը, գարդոններով փաթաթեց ու նոր դրեց»:

Մի քանի հարցուպատասխանից հետո, վկան հեռացավ նիստերի դահլիճից:

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդությամբ հանդես եկավ , ներկայացնելով փաստեր և փաստարկումներ այն մասին, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալաքն անօրինական է և պետք է փոխարինվի:

«Ներսեսն իր խնամքի տակ ունի կին, 3 երեխա, որից 2-ն անչափահաս են և հիվանդ մայր, որը վերջերս ավտովթարի է ենթարկվել: Նա ունի մշտական բնակության վայր, կարգապահ է և դրսևորում է պատշաճ վարքագիծ: Նրա համար երաշխավորել են ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցության մի շարք պատգամավորները»:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, սակայն մեղադրող կողմն առարկեց:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու:

Ընդմիջման ժամանակ պարոն Պապիկյանը ցավով արձանագրեց, որ այս գործով որևէ դատավոր չի կարող խափանման միջոցը փոփոխելու որոշում կայացնել:

«Սա քաղաքական հնչեղություն ունեցող գործ է, դատավորն ազատ և անկաշկանդ չէ: Դատարանի որոշումից հետո, ես կցանկանայի ներողություն խնդրել այս խոսքերիս համար, բայց, որ միջնորդությունս մերժվելու է, դա հաստատ: Այստեղ կարևոր չի, թե ինչ հիմքով կմերժեն, գուցե ոչ մի պատասխան էլ չտան, այլ մերժեն ու վերջ»:

Պաշտպանն անդրադարձավ նաև վկաներին, նշելով, որ վկաները տեղեկություն չունեն այս գործի հետ կապված, ընդգրկվել են գործի վարույթին, քանի որ մեղադրական եզրակացությունը պետք է ունենա նաև դատակոչին կցված ցուցակ:

Ընդմիջման ավարտից հետո դատավորը հայտարարեց, որ մերժում է միջնորդությունը: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը ոտքի կանգնեց և հայտարարեց դատարանին, որ այս հարցի պատճառով դիմում է անժամկետ հացադուլի:

«Դուք հնարավոր ա փախնեք՝ թողնելով Ձեր մամային անկողնային վիճակում, Ձեր երեք երեխաներին էդ վիճակում, բայց ես ու իմ շրջապատում նման մարդիկ չկան: Պարոն գլխավոր դատախազին էլ կփոխանցեք, որ ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում և էս անգամ իր ա կուտը չեմ ուտի, հենց տենց էլ Արթուրին կփոխանցեք, պարոն մեղադրող դատախազ»,-ասաց Ներսես Պողոսյանը՝ դիմելով դատախազին:

Մինչ դատավորը կհայտարարեր նիստը հետաձգվելու մասին, մեղադրող դատախազը դիմեց ամբաստանյալ Պողոսյանին.

«Արա՛, բան ես ասում, բարձր ասա»:

Դատավոր Գրիգորյանը դատական կարգը խախտելու համար դատախազ Պետրոսյանի նկատմամբ սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց:

Քրեական գործի վարույթը կշարունակվի հոկտեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ