Առցանց հերթագրում Հարկադիր կատարման ծառայությունում

      Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված էլեկտրոնային նորարարության մասին զրուցել ենք  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական Արամ Կարախանյանի հետ։

–     Ի՞նչ նպատակով է Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել առցանց հերթագրման համակարգը:

  Հարկադիր կատարման ծառայությունում առցանց հերթագրման համակարգը ներդրվել է քաղաքացիների սպասարկման որակը բարելավելու նպատակով: Մասնավորապես, ներդրված համակարգը թույլ է տալու քաղաքացուն նախօրոք ստանալ սպասարկման համար իրեն հարմար ժամ, և ներկայանալով արտոնյալ հերթով՝ առանց տևական ժամանակ սպասելու` կատարել համապատասխան վճարումներ և ստանալ խորհրդատվություն:

–        Ինչպե՞ս է առցանց հերթագրման համակարգը գործում։

  Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է սմարթ հեռախոսում կամ պլանշետում ներբեռնել EARLYONE անվճար հավելվածը: Այնուհետ հավելվածում պետք է ընտրել «Հարկադիր կատարման ծառայություն» բաժինը, ընտրել Ձեր նախընտրած օրն ու ժամը և գրանցվել: Համակարգն ավտոմատ ստեղծում է էլեկտրոնային կտրոն և գեներացնում է համապատասխան կոդ:

     Նախընտրած ժամին այցելելով Հարկադիր կատարման ծառայության վարչական շենք (ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով)՝ անհրաժեշտ է հերթագրման սարքի միջոցով մուտքագրել EARLYONE-ի գեներացրած էլեկտրոնային կոդը և ստանալ հերթի թղթային կտրոնը:

     Քաղաքացիներից պահանջվում է պարզապես չուշանալ և էլեկտրոնային կտրոնում նշված ժամին լինել Ծառայությունում:

 Հարկադիր կատարման ծառայությունում այս նորարարության գործածումը ի՞նչ փոփոխություններ է նախատեսում:  

    Ինչպես արդեն նշվեց, առցանց հերթագրման համակարգի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման որակը բարելավելուն և հնարավորություն է ընձեռում վերջիններիս զգալիորեն խնայել իրենց ժամանակը:

   Մինչդեռ պետք է նշել, որ սա ներդրված միակ նորարարությունը չէ: Հարկադիր կատարման ծառայությունը շարունակում է ներդնել նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու մեր քաղաքացիների համար վճարման պայմաններն ու Ծառայության գործառույթներն ընդհանրապես:

    Այդպիսի նորարարություններից են, օրինակ, ծանուցման այլընտրանքային եղանակները՝  SMS հաղորդագրությամբ ծանուցվելը և առցանց ծանուցումը՝  DAHKbot համակարգով: Նշված երկու մեխանիզմն էլ բացարձակ անվճար են քաղաքացիների համար:

    Մի դեպքում բջջային հեռախոսից հարկ է զանգահարել 060 57 04 02 համարով և մուտքագրել սոցիալական քարտի 10-նիշանոց թիվը /ՀԾՀ/՝ գրանցվելով Հարկադիր կատարման ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։ Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ Ծառայությունում կհարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին Դուք կստանաք SMS հաղորդագրություն:

       Իսկ առցանց ծանուցման համար Հարկադիր կատարման ծառայությունում գործում է հատուկ բոտ (համակարգչային ծրագիր), որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով րոպեների ընթացքում տեղեկանալ՝ կան արդյոք հարուցված կատարողական վարույթներ իր վերաբերյալ: Գրանցման համար հարկ է ներբեռնել “Telegram Messenger” անվճար հավելվածը, գտնել դրանում DAHKbot-ը և գրանցվել կրկին սոցիալական քարտի 10-նիշանոց թվով /ՀԾՀ/:

–       4 ամիս է, ինչ գործածվում է առցանց համակարգը. քանի՞ քաղաքացի է մինչև հիմա առցանց հերթագրվել և քանի՞սն են սպասարկվել:

      Համակարգը նոր է, և այն դեռ պետք է քաղաքացիների համար ճանաչելի դառնա: Դա է պատճառը, որ թեպետ արդեն 4 ամիս է, ինչ ներդրվել է, սակայն ընդամենը 325 քաղաքացի է այս համակարգով էլեկտրոնային կտրոն գեներացրել, իսկ Հարկադիր կատարման ծառայությունում այս համակարգով սպասարկվել է 117 քաղաքացի:

–        Գործնականում խնդիրներ առաջացել են այս համակարգով հերթագրման հետ կապված։

     Ծրագիրը մեկ ամիս գտնվել է թեստավորման փուլում, և գործնականում որևէ խնդիր դրա հետ կապված չի առաջացել:

–        Ի՞նչ ռիսկային գործոններ է պարունակում առցանց հերթագրումը:

     Ռիսկային գործոն չկա, քանի որ եթե քաղաքացին գրանցվում է, բայց չի գալիս Ծառայություն, որևէ հետևանք չի առաջանում: Համակարգն անվճար է: Դրանից բացի, էլեկտրոնային կտրոնը պետք է Ծառայությունում հերթագրման սարքի միջոցով վերածել թղթային կտրոնի և ապա մոտենալ սպասարկող անձնակազմին:

 –   Հերթի թղթային կտրոն կարող են ստանալ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքի առաջին հարկի  հերթագրման սարքից։ Իսկ մարզերում  բնակիչներն ունե՞ն նման հնարավորություն։

      Այս պահին առցանց հերթագրման համակարգը հասանելի է միայն Երևանում: Պատճառներից մեկն էլ, թերևս, սպասարկվող քաղաքացիների թիվն է, որը Երևանում անհամեմատ ավելի մեծ է, քան մարզերում: Սակայն, Ծառայությունը հետևողականորեն շարունակելու է նոր մեխանիզմների ու ծրագրերի մշակումը, որոնք նաև հասանելի են լինելու մարզերում բնակվող քաղաքացիների համար:

Մեկնաբանություններ