Ապոստոլովներն ընդդեմ Բուլղարիայի

Դիմումատուները՝ Ստոյան Ապոստոլովը և Միլենա Ապոստոլովան, ամուսիններ են, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1956 և 1958 թվականներին և բնակվում են Հասկովո քաղաքում (Բուլղարիա): Դիմումատուներն ունեն երեք երեխա։ Նրանց երրորդ որդին հաշմանդամություն ունի և պարբերաբար բուժում է ստանում։ Գործը վերաբերում է առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի երկրի տարածքում բանկային գործունեություն իրականացնելու համար Ստոյան Ապոստոլովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Դիմումատուների բանկային հաշիվների սառեցմանը։ 

2007 թվականին Հասկովո քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել Ապոստոլովի և ենթադրյալ հանցակցի նկատմամբ՝ առանց լիցենզիայի բանկային գործունեություն իրականացնելու և ապօրինի եկամուտ ստանալու կասկածանքով։

2008 թվականին Ապոստոլովին մեղադրանք է առաջադրվել առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի Բուլղարիայի տարածքում բանկային գործունեություն իրականացնելու համար, և քրեական գործ է հարուցվել։ Կարճ ժամանակ անց դատախազությունը որոշել է արգելափակել Ապոստոլովի և նրա կնոջ անունով գրանցված 35 բանկային հաշիվները և արգելանք դնել Ապոստոլովին սեփականության իրավունքով պատկանող 3 անշարժ գույքի վրա, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրա նկատմամբ նշանակված տուգանքի կամ բռնագանձման ցանկացած կարգադրության կատարումը: Համապատասխան ժամանակահատվածում բանկային հաշիվները ենթադրաբար կազմել են 45․395 եվրոյին, 300 եվրոյին և 23.565 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

2009 թվականին Ապոստոլովը բողոք է ներկայացրել դատարան իր բանկային հաշիվների սառեցման որոշման դեմ, սակայն դատարանը մերժել է բողոքը՝ բողոքարկման ժամկետի ավարտի հիմքով: Այնուհետև, Ապոստոլովը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան, բողոքի մեջ նշել է, որ արգելափակվել են նաև ընտանեկան հաշիվները, որոնց կեսը պատկանել է իր կնոջը, բայց դրանց վրա չի կարող բռնագանձում տարածվել։ Նա նաև նշել է, որ այդ իրավիճակը հատկապես խնդրահարույց է իր որդու հաշմանդամության և բժշկական ծախսերի պատճառով։ Միևնույն ժամանակ, բանկային հաշիվների սառեցման որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև Միլենա Ապոստոլովան: Մասնավորապես, երկու Դիմումատուները խնդրել են վերացնել իրենց անունով գրանցված բանկային հաշիվները սառեցնելու մասին որոշումը։ Նրանք բողոքի մեջ նաև նշել են, որ իրենց հաշմանդամ որդու բժշկական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է հաշվից հանել արգելադրված գումարի գոնե մի մասը։

Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը մերժել է նրանց հայցը, քանի որ քրեական դատավարությունը շարունակվել է, և դատարանի կողմից վերջնական որոշում չի կայացվել: Ամուսինները շարունակել են բողոքարկել, և 2009 թականին վճռաբեկ դատարանը կարգադրել է ապասառեցնել Ապոստոլովային պատկանող հաշիվների կեսը, քանի որ մեղադրանքները ներկայացվել էին միայն նրա ամուսնու դեմ: 

2013 թվականին Ապոստոլովը նորից հայց է ներկայացրել՝ բանկային հաշիվները սառեցնելու որոշումը վերացնելու պահանջով։ Ի վերջո, 2014 թվականին Ապոստոլովի արգելադրված բոլոր բանկային հաշիվները ապասառեցվել են, և անշարժ գույքերի վրա դրված արգելանքը վերացվել է, բացառությամբ մեկ անշարժ գույքի: Այնուհետև, Ապոստոլովան հայց է ներկայացրել դատարան՝ իշխանությունների գործողությունների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցան պահանջով: Դատարանը պարզել է, որ դատախազությունը պետք է ստուգեր, թե ում են պատկանում բանկային հաշիվները՝ նախքան դրանց արգելափակումը։ Դատարանը որոշել է բավարարել Ապոստոլովայի պահանջը և վերջինիս փոխհատուցում (5000 բուլղարական լև) տրամադրել՝ ակտիվների սառեցման և հաշմանդամ որդու բուժման համար վճարելու անկարողության պատճառով առաջացած հոգեբանական սթրեսի համար։ 

2016 թվականին Ստոյան Ապոստոլովը մեղավոր է ճանաչվել առանց բանկային գործունեության լիցենզիայի բանկային գործունեություն իրականացնելու համար: Դատարանը պարզել է, որ Ապոստոլովը մի քանի վարկ է տրամադրել տարբեր անձանց, ինչի արդյունքում ապօրինի վաստակել է մոտ 22․824 եվրո: Ապոստոլովը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է Ապոստոլովի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված նվազագույն պատիժը և տուգանք կամ բռնագանձում չկիրառել՝ հաշվի առնելով նրա որդու հիվանդությունը, ինչպես նաև քրեական գործի դատավարության տևողությունը (2007-2016): Նույն օրը Հասկովո շրջանի դատարանը վերացրել է նաև Ապոստոլովին պատկանող երրորդ անշարժ գույքի վրա դրված արգելանքը։ 

Ստոյան Ապոստոլովը և Միլենա Ապոստոլովան բողոք են ներկայացրել ՄԻԵԴ։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն)՝ ամուսինները բողոքել են, որ իշխանությունները և դատական ատյաններն անհիմն և ոչ արդարացի որոշում են կայացրել, ինչի արդյունքում իրենց պատկանող բանկային հաշիվներն արգելափակված, իսկ անշարժ գույքերն արգելանքի տակ դրված են եղել մի քանի տարի։ Մասնավորապես, Դիմումատուները բողոքել են, որ իշխանությունների գործողությունները հանգեցրել են իրենց պատկանող գույքի անարգել օգտագործման իրավունքի իրացման ոչ իրավաչափ միջամտություն, ինչը, ի թիվս այլոց, խանգարել է պատշաճ կերպով հոգալ իրենց հաշմանդամ որդու բժշկական ծախսերը: 

Դիմումատուները նշել են, որ բանկային հաշիվներն օգտագործելու անկարողությունը սպառնալիք է հանդիսացել իրենց հաշմանդամ որդու կյանքին, քանի որ իրենք եկամտի այլ աղբյուր չեն ունեցել: Նրանք նաև պնդել են, որ ապօրինաբար բռնագանձում է տարածվել նաև այն հաշիվների վրա, որոնք պատկանել են Միլենա Ապոստոլովային (Բուլղարիայի քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ դատապարտյալի և նրա ընտանիքի մեկ տարվա ապրուստի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները պաշտպանված են բռնագանձումից: Նույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված է, որ բռնագանձումից ազատված ակտիվները նույնպես չեն կարող օգտագործվել տուգանքի՝ որպես քրեական պատժի իրագործման նպատակով): 

Կառավարությունը ներկայացրած դիրքորոշման մեջ նշել է, որ հաշիվների սառեցման համար փոխհատուցում ստանալով՝ Դիմումատու Ապոստոլովան չի կարող պնդել իրավունքների խախտման մասին: Եթե նա համաձայն չի եղել դատարանի որոշման հետ, կարող էր բողոքարկել որոշումը, բայց չի արել դա: Կառավարության կարծիքով, Դիմումատու Ապոստոլովան չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները։

Դիմումատուները, իրենց հերթին, նշել են, որ Ապոստոլովային չափազանց փոքր չափի գումար է հատկացվել։ Բացի այդ, դատավարությունը բավականին երկար է տևել, իսկ գումարը հատկացվել է սահմանված ժամկետից 6 ամիս ուշացումով: 

Այս մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ Բուլղարիայի ներպետական դատական ատյաններն ընդունել են, որ Ապոստոլովային պատկանող բանկային հաշիվների սառեցումը անօրինական է կատարվել և փոխհատուցում են տրամադրել նրան։ Ուստի, կարելի է եզրակացնել, որ իշխանությունները, ըստ էության, ընդունել են Ապոստոլովայի նկատմամբ կատարված թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման փաստը։ Գումարը նրան վճարվել է ամբողջությամբ դատավարության ավարտից մոտավորապես վեց ու կես ամիս հետո, ինչը չի կարող դիտարկվել որպես անհիմն ուշացում: Այսպիսով, ՄԻԵԴ-ը մերժել է Դիմումատու Ապոստոլովայի բողոքը: 

Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի, միջամտությունը, ներառյալ՝ հարկերի և տուգանքների վճարումն ապահովելու համար իրագործվող միջոցների արդյունքում կատարված միջամտությունը, պետք է ապահովի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Դատարանը կրկնել է, որ դիմումատուն կարող է պնդել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման մասին այն դեպքում, երբ վիճարկվող որոշումները վերաբերում են նրա «գույքին»: «Գույք» կարող է համարվել գոյություն ունեցող սեփականությունը կամ պահանջները, որոնք «ակտիվներ» են համարվում։

ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատու Ապոստոլովի բանկային հաշիվները սառեցնելու և գույքի վրա արգելանք դնելու որոշումը հանգեցրել է գույքի անարգել օգտագործման իրավունքի իրացման նկատմամբ պետության ոչ իրավաչափ միջամտության։ ՄԻԵԴ-ը պարզել է, որ չի պահպանվել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված «արդար հավասարակշռությունը» հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, չի պահպանվել նաև համաչափության ողջամիտ հարաբերությունը կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև։ Դիմումատուն բազմիցս խնդրել է հնարավորություն տալ օգտվելու հաշիվների մի մասից, որոնք պետք է օգտագործվեին նրա հաշմանդամ որդու բժշկական ծախսերը հոգալու համար։ Սակայն, ներպետական դատական ատյանները երբեք չեն քննել այդ պահանջները։ Չնայած այն փաստին, որ Դիմումատուն դատարաններին չի հայտնել, թե կոնկրետ որքան գումար է անհրաժեշտ այդ ծախսերի համար և մանրամասներ չի ներկայացրել, այդուհանդերձ, Դիմումատուի այդ պահանջները որոշիչ ազդեցություն կարող էին ունենալ դատավարության արդյունքի համար։ ՄԻԵԴ-ը նաև հաշվի է առել քրեական դատավարության տևողությունը (2007-2016), որի ամբողջ ընթացքում Դիմումատուն չի կարողացել օգտվել «գույքից»։

Այսպիսով, ՄԻԵԴ-ը վճռել է, որ Դիմումատու Ապոստոլովի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ պատասխանող Պետությունը պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 1․250 եվրո և 700 եվրո՝ դատական ծախսերի համար։

Մեկնաբանություններ