Աշոտ Գուլյանն ընդդեմ Հայաստանի․ պետությունը կվճարի 50.000 եվրո փոխհատուցում 

Դիմումատուն՝ Աշոտ Գուլյանը, ծնվել է 1942 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությանը։ 

Դիմումատուի 30-ամյա որդին՝ Լևոն Գուլյանը, մահացել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ որպես սպանության գործով վկա հարցաքննության ենթարկվելու ժամանակ։ 2007 թվականի մայիսի 12-ին Դիմումատուի որդուն հայտնաբերել են մահացած ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքի բակում։ Դիմումատուին հայտնել են, որ նրա որդին, ենթադրաբար, մահացել է ոստիկանության շենքի երկրորդ հարկից ընկնելու հետևանքով։

Համապատասխան ժամանակահատվածում Լևոն Գուլյանը հանդիսացել է «Պանդոկ» ռեստորանի տնօրեն։ Լևոն Գուլյանի մահվան դեպքից 3 օր առաջ նրան պատկանող ռեստորանի դիմաց մի քանի անձանց միջև վեճ է բռնկվել։ Լևոն Գուլյանը մոտեցել է նրանց և պահանջել հեռանալ, սակայն անձանցից մեկը հրազենից արձակած կրակոցներից սպանվել է: Այնուհետև, տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, և ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Լևոն Գուլյանին ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ որպես սպանության դեպքի ականատես վկա հարցաքննության ենթարկելու նպատակով։

Դիմումատուի որդու մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել, և հետաքննություն է սկսվել։ 2007 թվականի դեկտեմբերին Դիմումատուի որդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությունը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները և Հայաստանի ներպետական դատական ատյանները Դիմումատուի որդու մահվան գործով քրեական վարույթը կարճելու և վերսկսելու մասին մի քանի որոշում են կայացրել, իսկ նախաքննության ժամկետը բազմիցս երկարաձգվել է։ Գործի շրջանակներում քննիչները եզրակացրել են, որ Լևոն Գուլյանը փորձել է փախչել ոստիկանությունից և պատուհանից ցած է նետվել։ Քննիչները նաև առաջարկել են Դիմումատուի որդու մահվան դեպքի մյուս վարկածը, որի համաձայն՝ Լևոն Գուլյանը փորձել է փախչել ռեստորանի դիմաց տեղի ունեցած սպանության գործով մեկ այլ վկայից, քանի որ վերջինիս հարկադրանքի ներքո ստիպել է նրան բացահայտել մարդասպանի ինքնությունը:

Դիմումատուի որդու մահվան գործով դատական քննության վերսկսման ժամանակ իրավապահ մարմինները որոշել են, որ քննիչները հավուր պատշաճի չեն իրականացրել հետաքննությունը և պարզել են, որ Դիմումատուի որդուն հարցաքննության ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել նրան, իսկ հետո դուրս են նետել Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատասենյակներից մեկի պատուհանից։

2012 թվականի փետրվարին Դիմումատուի որդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությունը վերջնականապես կարճվել է՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով։ Նույն թվականին Դիմումատուն բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Վերջինս բողոքել է, որ Հայաստանի իշխանությունները և իրավապահ մարմինները հավուր պատշաճի չեն իրականացրել իր որդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Աշոտ Գուլյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 50․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ