Անշարժ գույքի նկատմամբ անչափահասի սեփականության իրավունքի իրավականոնակարգումը ՀՀ օրենսդրությամբ

Անչափահասների սեփականության իրավունքի հարցերով Լեգալ Ինֆոն զրուցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության  մագիստրանտ Իննա Ազնաուրյանի հետ։

– Նախ այն մասին, թե ի՞նչ է սեփականության իրավունքը:

– Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը՝ գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

– Ի՞նչ նպատակով է անչափահասին տրվում անշարժ գույքի սեփականության իրավունքը:

– Անչափահասին անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հիմնական նպատակը նրան նախապես նյութական և կեցության պայմաններով ապահովելն է: Անձը, տասնութ տարին լրանալուն պես, ձեռք է բերում իրեն հանձնված անշարժ գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունք: Հարկ է նշել, որ եթե ծնողներն իրենց անչափահաս երեխային են շնորհել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապա այդ անշարժ գույքը չի համարվում ծնողների համատեղ սեփականությունը, և այն չի կարող բաժանվել ծնողների միջև՝ վերջիններիս ամուսնալուծության դեպքում: Անչափահասին շնորհված անշարժ գույքը անչափահասի սեփականությունն է համարվում:

Գործնականում հաճախ են պատահում իրավիճակներ, երբ  ծնողներն իրնեց անչափահաս երեխաներին են փոխանցում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, որպեսզի տվյալ գույքը պարտատերերի պահանջների շրջանակից դուրս մնա: Սակայն միայն այդ նպատակով անչափահասի անվամբ անշարժ գույքը գրանցելու գործարքը կարող է դիտվել որպես կեղծ գործարք, եթե ծնողները նպատակ չունեն անչափահասին տվյալ անշարժ գույքի նկատմամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունք շնորհել՝ նրա տասնութ տարին լրանալուն պես:

– Ինչպիսի՞ իրավազորություններ ունի անչափահասը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ:

– Եթե նկատի ունենանք, օրինակ, տասնչորս տարեկան չդարձած անչափահասների իրավազորությունները, ապա անչափահասն ինքնուրույնաբար չի կարող տնօրինել, տիրապետել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը մինչև չափահաս դառնալը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ տասնչորս տարեկան չդարձած անչափահասները (փոքրահասակները) իրավունք չունեն կնքելու անշարժ գույքի ձեռք բերման գործարքներներ: Նման գործարքներ փոքրահասակների փոխարեն կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները: Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել` մանր կենցաղային գործարքներ, նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ և  օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ՝ երրորդ անձանց կողմից, որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն՝ փոքրահասակի կողմից ինքնուրույն կնքված գործարքն առոչինչ է և չի կարող իրավական հետևանքներ առաջացնել: Սակայն փոքրահասակի կնքած գործարքը ծնողների, որդեգրողների կամ խնամակալի պահանջով դատարանով կարող է ճանաչվել վավեր, եթե այն կնքվել է ի շահ փոքրահասակի:

Ինչ վերաբերում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներին, նրանք կարող են նման գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի, գրավոր համաձայնությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի: Եթե գործարքի պահին ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն չէին տվել իրենց գրավոր համաձայնությունը գործարքի վերաբերյալ, վերջիններիս հետագայում տված գրավոր հավանության դեպքում, տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի գործարքը նույնպես վավեր է: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կնքած գործարքը առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, կարող է վերջիններիս հայցով դատական կարգով անվավեր ճանաչվել:

Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի: Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից: Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Այսպես, լրիվ գործունակ ճանաչվելու դեպքում՝ անչափահասն իրավունք ունի ինքնուրույն կնքել անշարժ գույքի տնօրինման հետ կապված գործարքներ: Այս պարագայում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում վերջինիս կնքած գործարքների համար:

– Անչափահասի ծնողներն ինչպիսի՞ իրավազորություններ ունեն սեփականության իրավունքով անչափահասին պատկանող անշարժ գույքի նկատմամբ:

– Անչափահասին շնորհված անշարժ գույքը համարվում է վերջինիս սեփականությունը: Ծնողները, որդեգրողները և օրինական ներկայացուցիչները իրավունք չունեն իրենց կամքով կնքել տվյալ անշարժ գույքի վերաբերյալ գործարքներ. առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության, վարձակալության, գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ:

Այսպես, ծնողները, իրենց անչափահաս զավակին պատկանող անշարժ գույքի նկատմամբ ունեն իրավազորություններ միայն  տասնչորս տարին չլրացած երեխայի փոխարեն կնքել անշարժ գույքի տնօրինման վերաբերյալ գործարք, և մյւսը՝ տասնչորսից տասնութ տարեկան երեխային շնորհված անշարժ գույքի տնօրինման վերաբերյալ գործարքի սահմաններում տալ համաձայնություն:

– Անչափահասին պատկանող անշարժ գույքին վերաբերող ի՞նչ գործարքների դեպքերում է անհրաժեշտ խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը: Եվ ի՞նչ հանգամանքներ է հաշվի առնում խնամակալության և հոգաբարձության մարմինը:

– Այն դեպքերում, որոնք կարող են հանգեցնել անչափահասին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքից հրաժարվելուն կամ այդ գույքի նվազեցմանը, պարտադիր է խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը: Ավելին՝ առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` տասնչորս տարին չլրացած անչափահասի ծնողները, որդեգրողը կամ խնամակալն իրավունք չունեն կնքել, իսկ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի ծնողները, որդեգրողը կամ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու անչափահասի գույքի օտարման` ներառյալ փոխանակության, նվիրատվության, վարձակալության, գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են անչափահասին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, նրա գույքը բաժանելուն կամ դրանից բաժիններ առանձնացնելուն, ինչպես նաև անչափահասի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարքներ:

Ակնհայտ է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը չի կարող թույլատրության տալ որևէ գործարքի, որի արդյունքում վատթարանում են անչափահասի կեսնապայմանները: Գործարքի արդյունքում անչափահասը չի կարող զրկվել իր իրավունքներից, իրեն պատկանող գույքը չի կարող բաժանվել, առանձնանալ բաժինների կամ նվազել, ինչպես նաև գործարքի արդյունքում չի կարող նվազել անչափահասին պատկանող գույքի գինը:

– Պարտադի՞ր է արդյոք ստանալ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը գործարք կատարելու համար, եթե անչափահասը անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն բնակվում է այնտեղ:

– Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր անչափահաս երեխաները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի ուժով: Իսկ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի ուժով, յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և իր ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք: Այսպես, երեխայի բնակության վայրն է համարվում իր ծնողների բնակության վայրը: Սակայն միայն այն փաստը, որ անչափահասը բնակվում է տվյալ բնակարանում, իրենից չի ենթադրում, որ անչափահասն ունի այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի ուժով, անչափահասի գույքի օտարումը չի կարող տեղի ունենալ առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության: Այս պարագայում խոսքը գնում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի մասին, այլ ոչ թե միայն բնակվելու իրավունքի մասին: Իսկ անչափահասի բնակության վայրի փոփոխության հետ կապված գործարքներում, եթե անչափահասը չունի այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք, խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը պարտադիր չէ: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդհոդվածով նախատեսված ընթացակարգը չի վերաբերում այն դեպքերին, երբ անչափահասը միայն բնակվում է բնակարանում, սակայն չունի վերջինիս նկատմամբ սեփականության իրավունք:

– Արդյո՞ք անհրաժեշտ է անչափահասի համաձայնությունը անշարժ գույքի տնօրինման հետ կապված գործարքներում:  

– Այս հարցի շրջանակներում պետք է անդրադառնալ ընդհանուր սեփականությանը վերաբերող կարգավորումներին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ գլխին համապատասխան, ընդհանուր սեփականությունը լինում է բաժնային և համատեղ: Երկու դեպքերում էլ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Այսինքն, և՛ բաժնային, և՛ համատեղ սեփականության բոլոր մասնակիցները, այդ թվում և անչափահաս սեփականատերը, պետք է համաձայն լինեն գույքն օտարելու գործարքը կատարելիս:

Ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքը տնօրինելու հետ կապված բոլոր գործարքներում ընդհանուր սեփականության մասնակիցների համաձայնության անհրաժեշտությունը պայմանավորված չէ սեփականատիրոջ սուբյեկտով. այսինքն՝ ընդհանուր սեփականության մասնակիցը պետք է համաձայնություն տա իր սեփականության ներքո գտնվող գույքի օտարմանը, անկախ նրանից, նա չափահաս է, թե ոչ:

Ինչ վերաբերում է ընդհանուր սեփականության տիրապետմանը և օգտագործմանը, ապա բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով: Իսկ համատեղ սեփականության մասնակիցները, եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ գլխի՝ ընդհանուր սեփականության տիրապետման և օգտագործման վերաբերյալ կարգավորումները նույնպես պայմանավորված չեն ընդհանուր սեփականության մասնակցի սուբյեկտով և նույնությամբ տարածվում են անչափահաս սեփականատերերի վրա:

Մեկնաբանություններ