Անահիտ Գալստյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Անահիտ Գալստյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1959 թվականին, բնակվում է Երևանում։ 2013 թվականին Դիմումատուն խարդախության մեղադրանքով կալանավորվել է։ Դատարանի որոշմամբ՝ Դիմումատուն դատապարտվել է հինգ տարվա և վեց ամսվա ազատազրկման։

2013 թվականի մարտի 22-ին Դիմումատուն սկսել է պատիժը
կրել Աբովյանի կանանց և անչափահասների կալանավայրում։ Պատիժը կրելու ժամանակ Դիմումատուն բողոքել է կալանավայրի վատ պայմանների և բժշկական օգնության բացակայության մասին։ Նույն թվականին բժիշկները Դիմումատուի մոտ ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը։ Այնուհետև, Դիմումատուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել։

Կալանավայր վերադառնալուց հետո Դիմումատուն հետվիրահատական բուժում չի ստացել, և նրա առողջական վիճակը վատացել է, սակայն կալանավայրի բժիշկը Դիմումատուին պարբերաբար ցավազրկող միջոցներ է ներարկել։

2015 թվականի մայիսի 27-ին կալանավայրի տեսուչը դիմում է ուղարկել Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությանը՝ ծանր հիվանդության հիմքով Դիմումատուին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու պահանջով։ Սակայն դիմումը մերժվել է, և համապատասխան մարմինները հիմնավորել են այդ որոշումն այն հանգամանքով, որ Դիմումատուին ախտորոշած հիվանդությունը չի ընդգրկվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի մեջ, որը հաստատվել է ՀՀ Կառավարության որոշմամբ։

2015 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտում և 5-րդ հոդվածի 1-ին կետի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։

2019 թվականի մարտի 14-ին Եվրոպական դատարանը հրապարակել է սույն գործով կայացված որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից: Դիմումատուն չի արձագանքել Քարտուղարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի վերջին նամակին, որը հիշեցնում էր Դիմումատուին, որ իր հետագա դիտարկումների ներկայացման համար թույլատրված ժամանակահատվածը լրացել է 2018 թվականի հունիսի 8-ին: Նրա ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՄԻԵԴ-ը համարել է, որ Դիմումատուն հրաժարվում է իր ներկայացրած գանգատից:

Մեկնաբանություններ