Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Համաձայն նախագծի այսուհետ ամուսինները կարող են ամուսնալուծվել առանց դատարան դիմելու, եթե կա փոխադարձ համաձայնություն: Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
Նշենք, որ «Ընտանեկան օրենսգրքի» 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով, սակայն մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով՝ ամուսիններից մեկի ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում։
Այսպիսով՝ փոփոխությամբ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծվելու հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:
Եթե չկան այդպիսի պահանջներ, ապա ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայությունը հիմք է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու համար: Այդ պարագայում ամուսնալուծությունը կատարվում է մեկ օրվա ընթացքում:
«Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով»,-ասաց փոխնախարարը։