Ամբաստանյալները վատառողջ լինելու պատճառով չէին ներկայացել դատարան. նիստը կրկին հետաձգվեց

Այսօր Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  հետաձգվեց  նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով  դատական նիստը:

Դատավոր Վաչե Մարգարյանը ներկաներին հայտնեց, որ ամբաստանյալ Էլզա Զաքարյանը վատառողջ է և չի կարողացել ներկա գտնվել նիստին: Վերջինիս պաշտպանը ևս չէր եկել դատարան:

Նշենք, որ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը ևս չէր բերվել դատարան: Դատավորը հայտնեց, որ դատապարտյալների հիվանդանոցից տեղեկացրել են, որ տեխնիկական խնդիրների պատճառով Իշխան Բարսեղյանին չեն կարող բերել դատարան:

Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին դեմեց խնդրանքով, որպեսզի հաջորդ նիստին ամբաստանյալ Էլզա Զաքարյանը ներկայացնի համապատասխան բժշկական փաստաթուղթ՝ իր վատառող լինելու համար: Ի պատասխան պաշտպանի խնդրանքին, դատավոր Վաչե Մարգարյանը հայտնեց, որ Էլզա Զաքարյանի պաշտպանը հայտնել է, որ անպայման կներկայացնեն համապատսխան փաստաթուղթ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

Մեկնաբանություններ