Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Քաթարի ներկայացրած պահանջը՝ Սաուդյան Արաբիայի կողմից մտավոր սեփականության իրավունքները խախտելու հարցով արբիտրաժային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Քաթարի Առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Նման որոշումը կայացվել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմնի մասնակցությամբ կայացած նիստի ժամանակ։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ հետաքննություն սկսելու պահանջով հայց է ներկայացրել ԱՀԿ։ Քաթարը մեղադրել է Սաուդյան Արաբիային մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ Մասնավորապես՝ Քաթարը բողոքել է քաթարական beIN հեռարձակող ընկերության գործունեությունը Սաուդյան Արաբիայում արգելելու որոշման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ Քաթարի ներկայացրած հայցի վերաբերյալ։ Քաթարը Սաուդյան Արաբիայի դեմ նաև փոխհատուցման պահանջի մասին հայց է ներկայացրել՝ մեկ միլիարդ դոլար գումարի չափով:
Նշենք նաև, որ 2017 թվականի հունիսի 5-ին Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, Մալդիվների Հանրապետությունը և Մավրիկիայի Հանրապետությունը հայտարարել են Դոհայի հետ իրենց հարաբերությունները խզելու որոշման մասին՝ մեկնաբանելով, որ Քաթարն արաբական երկրների գործերին միջամտելու և իր վարած թշնամական քաղաքականությամբ սատարում է ահաբեկչությանը և ծայրահեղական գաղափարախոսությանը։