ԱՀԿ-ն զգուշացրել է համաշխարհային առևտրում լարվածության սրման ռիսկերի մասին

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտու Ազևեդուն զգուշացրել է համաշխարհային տնտեսության ոլորտում լարվածության հնարավոր սրման և դրա բացասական հետևանքների մասին: Այս մասին նա հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:«Վերջերս ինձ անհանգստացնում է առևտրի ոլորտում առաջացած լարվածությունը: Ներկայումս այն աճում է, և հետագայում այդ լարվածության սրումը լուրջ ռիսկեր է առաջացնելու: Մենք տեսնում ենք դրա զգալի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: ԱՀԿ-ն գիտակցում է առևտրային հարաբերությունների լարվածության և դրա հետ կապված հետագա ռիսկերի լրջությունը: Ներկայիս իրավիճակը բացասական ազդեցություն է թողնում տնտեսության և առևտրային համակարգի վրա, ինչի հետևանքով շուտով կբազմապատկվեն տնտեսական ռիսկերը»,- հայտարարել է հանդիպման շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ ղեկավարը: Նա ընդգծել է, որ ներկայումս ԱՀԿ-ն զբաղեցնում է համաշխարհային առևտրի մոտ 98 տոկոսը: «Բազմակողմ առևտրային համակարգը կայունություն և կանխատեսելիություն է ապահովում, ինչն էլ առանցքային դերակատարություն ունի: Նույնիսկ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում առևտրային համակարգը շարունակել է ճիշտ աշխատել»,- հավելել է Ազևեդուն:

Վերջինս նաև նշել է, որ ներկայիս առևտրային համակարգի գործունեությունը կատարյալ չէ, սակայն այն ներկայացնում է աշխարհի այն կառավարությունների գործադրած ջանքերը, որոնք 70 տարի միասին համագործակցում են առևտրային ոլորտում և այդ ոլորտի խնդիրները հարթելու համար ուղիներ են փնտրում: Իր ելույթի ավարտին ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ պետք է խթանել առևտրային համակարգի զարգացմանը, որպեսզի այն շարունակի արդյունավետ աշխատել, ինչպես աշխատել է 7 տասնամյակների ընթացքում:

Հաշվի առնելով միջազգային առևտրում աճող ռիսկերը, երկրների միջև լարված առևտրային հարաբերությունները և մի շարք մաքսատուրքերի և պատժամիջոցների կիրառման բացասական հետևանքները՝ ԱՀԿ-ն համաշխարհային առևտրի աճի տեմպերի կանխատեսումը 2018 թվականի համար իջեցրել է 4.4 տոկոսից մինչև 3.9 տոկոս, իսկ 2019 թվականի համար՝ մինչև 3.7 տոկոս: Այսպիսով, 2017 թվականի համեմատ համաշխարհային առևտրի աճի տեմպի զգալի դանդաղում է նկատվել:

Մեկնաբանություններ