ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Գևորգ Կոստանյանը հորդորել է գործընկերներին հարցին անդրադառնալ ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ իրավական հարթությունում` կարևորելով փոփոխությունների իրավական անհրաժեշտությունն ու իրավական երաշխիքները:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը և Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը: Փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար՝ նախատեսված 5-ի փոխարեն 4 տոկոս, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ գործող 25 տոկոսի փոխարեն նախատեսելով 30 տոկոս, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ժամանակ բոնուսային համակարգի վերացում: Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար: Նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը, ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում: Նախատեսվում է ապահովել զորամասերում քարոզչության հավասար պայմաններ:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն, բաց համամասնական ընտրակարգին անցմանը, կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացման նպատակահարմարությանը, ֆիքսված տեսանկարահանման կարևորությանը և այլ հարցերի:
Արտակ Զեյնալյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ:
Աշխատանքային ձևաչափում քննարկումների արդյունքում Կառավարության ներկայացուցչի համար ընդունելի են եղել ֆիքսված տեսանկարահանման և 4-րդ ուժի համար նվազագույնը 2% շեմ սահմանելուն վերաբերող առաջարկները: Ընդունվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող կառուցվածքի և կազմի հրապարակմանը վերաբերող առաջարկը, որն ուժի մեջ կմտնի օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: