«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Նախագծի հիմնական զեկուցողը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս նախագծի ընդունման հարցում շահագրգռված է փաստաբանական համայնքը.
«Մեր գործընկեր փաստաբաններն, ովքեր անընդհատ շփվում են ձերբակալված և կալանավորված անձանց հետ, և քրեակատարողական հիմնարկներում հանդիպումներ են ունենում, բողոքում են առ այն, որ նրանց համար հատուկ պայմաններ չեն սահմանվում հիվանդությամբ տառապող անձանց տեսակցելիս: Դա առաջացնում է լուրջ հետևանքներ և հնարավորություն, որ տեսակցող անձինք նաև կարող են առանձին հիվանդություններով վարակվել»,- իր ելույթում նշեց պատգամավորը, հավելելով, որ այս օրինագծող պարտադրում են գործադիր իշխանությանը հատուկ պայմաններ ապահովել հնարավոր վարակումը բացառելու նպատակով:
Օրենքի Նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն: