Գործը վերաբերում է Գուրգեն Նիկոլյանին անգործունակ ճանաչելու մասին դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն՝ Գուրգեն Նիկոլյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1939 թվականին, բնակվում է Հայաստանում։
2012 թվականին Նիկոլյանը հայց է ներկայացրել Դատարան՝ իր կնոջից դատական կարգով ամուսնալուծվելու և վերջինիս բնակարանից վտարելու պահանջով։ Դիմումատուն պնդել է, որ իրենց կոնֆլիկտային հարաբերությունները համատեղ կյանքը դարձրել են անտանելի: Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է կնոջ և որդու հետ Երևանում գտնվող իրենց բնակարանում։ Այնուամենայնիվ, ներպետական դատական ատյանները երբեք չեն ընդունել և քննել Դիմումատուի հայցը, քանի որ 2013 թվականին նա անգործունակ է ճանաչվել՝ իր որդու և կնոջ ներկայացրած պահանջի հիման վրա իրականացված դատավարության արդյունքում։ Մասնավորապես՝ 2013 թվականի նոյեմբերին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է, որ Դիմումատուն հոգեկան խանգարումներ ունի և ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Ուստի, դատարանը Նիկոլյանին ճանաչել է անգործունակ։ Որոշումը կայացնելիս դատարանը հիմք է ընդունել 2012 թվականի սեպտեմբերին իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները և հոգեբույժի եզրակացությունը, նրա կնոջ և հարևանների հայտարարությունները, ինչպես նաև տեղի ոստիկանության աշխատողի կողմից՝ նրա կնոջ նկատմամբ չափազանց կասկածելի և ագրեսիվ պահվածքի, աբսուրդային մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունը:
Նիկոլյանի որդին, ով գործի ընթացքում ստանձնել է հոր խնամակալությունը, պահանջել է դադարեցնել ամուսնալուծության և բնակարանից վտարման գործընթացը: 2014 թվականի հոկտեմբերին Նիկոլյանի որդու հայցը բավարարվել է, քանի որ ներքին օրենսդրությամբ խնամակալին թույլատրվում է հետ վերցնել անգործունակ ճանաչված անձի ներկայացրած հայցադիմումը:
Համապատասխան ժամանակահատվածում Նիկոլյանը վատ հարաբերությունների մեջ է գտնվել որդու հետ և խնդրել է տեղի հոգաբարձության մարմնին խնամակալին նշանակելիս հաշվի առնել նաև իր կարծիքը, սակայն, այդ խնդրանքը հաշվի չի առնվել։
Դիմումատուն բողոքարկել է խնամակալության վերաբերյալ կայացված որոշումը վերաքննիչ դատարանում, իսկ հետո՝ նաև վճռաբեկ դատարանում։ Դիմելով դատարան` Գուրգեն Նիկոլյանը պահանջել է վերացնել Շենգավիթ վարչական
շրջանի ղեկավարի 20.03.2013 թվականի թիվ 27 որոշումը և պարտավորեցնել իր նկատմամբ նշանակել նոր խնամակալ: Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի բողոքը, սակայն 2016 թվականին վճռաբեկ բողոքը բավարարվել է։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ անգործունակ ճանաչված անձը, ընդգրկված լինելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված շահագրգիռ անձանց շրջանակում, չի կարող զրկվել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավունքից, և իրավական վերլուծությունների հիման վրա արձանագրել է, որ տվյալ դեպքում անգործունակ ճանաչված անձի կողմից խնամակալի նշանակումը դատական կարգով վիճարկելու, այդպիսի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտերը բողոքարկելու իրավական հնարավորության սահմանափակումն անհամատեղելի կլինի անգործունակ ճանաչված անձի դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնարար իրավունքների հետ: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշման մեջ նշել է, որ խնամակալ կամ հոգաբարձու պետք է նշանակվեր Դիմումատուի համաձայնությամբ: Ընդ որում, պետք է հաշվի առնվեր նրա բարոյական և անձնական այլ հատկանիշները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու ունակությունը, նրա ու խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի միջև եղած հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում` նաև խնամարկյալի ցանկությունը:
Մինչ այդ, Դիմումատուն բազմիցս փորձել է վերականգնել իր գործունակությունը, դիմումներ է գրել ՀՀ Առողջապահության նախարարին, դիմել է հոգեբուժարան և դատարան՝ իր առողջական վիճակը վերանայելու խնդրանքով: Քանի որ համապատասխան ժամանակահատվածում գործող օրենսդրությամբ անգործունակ ճանաչված անձին արգելվել է դատական գործընթաց նախաձեռնել, Նիկոլյանի բոլոր փորձերը ձախողվել են։
2014 թվականի նոյեմբերի 13-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից բողոք է ներկայացվել ՄԻԵԴ։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում։ Դիմումատուն բողոքել է իր գործով դատավարության արդարացիության մասին։ Մասնավորապես՝ Նիկոլյանը բողոքել է այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում իր անգործունակության վերաբերյալ չի իրականացվել մրցակցային դատավարություն, բացի այդ Դիմումատուն զրկված է եղել դատարանի մատչելիության իրավունքից և իր գործունակությունը վերականգնելու հնարավորությունից: Դիմումատուն նաև բողոքել է, որ իրավաբանորեն անգործունակ ճանաչելուց հետո, նրան զրկել են ամուսնալուծության և վտարման հայցը շարունակելու և իր անգործունակության վերաբերյալ որոշումը վերանայելու պահանջով դիմում ներկայացնելու իրավունքից։ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո Դիմումատուն բողոք է բարձրացրել այն մասին, որ անգործունակությունից զրկելը խախտել է վերջինիս անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
Ելնելով սույն գործի քննության արդյունքներից և վերահաստատելով նախկինում արձանագրած իր վճիռներում հայտնած դիրքորոշումները՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 7․800 եվրո գումարի չափով փոխհատուցում: