ՄԱԿ-ում Լիբանանի դեսպան Ամալ Մդալյալին նամակ է ուղարկել Անվտանգության խորհուրդ, որի միջոցով նա պահանջել է հրատապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի հետ սահմանին սահմանային պարիսպների կառուցման դեմ:
Նամակի մեջ դեսպանը պնդում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը`Լիբանանի տարածքում արգելքների և օժանդակ կառույցների տեղադրմամբ: Նամակի մեջ նաև նշվում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Թիվ 1701 բանաձևը, որն ընդունվել է Լիբանանի երկրորդ պատերազմի ավարտին:
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնն անհիմն է համարել լիբանանյան կողմի բողոքը: Նրա խոսքերով՝ ավելի լավ կլիներ, եթե Լիբանանի իշխանություններն ավելի հետևողական լինեին «Հեզբոլլահ» շարժմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատարկ պահանջներով դիմելու փոխարեն:Նշենք, որ Թիվ 1701 բանաձևը հավանության է արժանացել 2006 թվականի օգոստոսի 11-ին և վերջակետ է դրել Լիբանանի տարածքում Իսրայելի ու Հեզբոլլահի միջև պատերազմին: Բանաձևում ասվում է, որ «անհրաժեշտ է շտապ կերպով վերացնել այն պատճառները, որոնք ճգնաժամի հանգեցրին», այդ թվում նաև Լիբանանի ողջ տարածքում կառավարության իշխանության տարածման միջոցով: Բանաձևով նախատեսվում է ապահովել անվտանգությունը Լիբանանի ու Իսրայելի սահմանում, դուրս բերել Լիբանանի տարածքից իսրայելյան զինված ուժերը և ընդլայնել այնտեղ ՄԱԿ-ի ներկայությունը: