Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք, «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:
Ըստ հայտարարության՝ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության ։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք, որը Պենտագոնը և ԱՄՆ բանակը «ահաբեկիչներ» է ճանաչում:
Միացյալ Նահանգները, Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ, առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ չորեքշաբթի առավոտյան։
«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն», – գրել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ՝ հարվածների հետևանքով զոհեր չկան։
Նախորդ օրը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը լրագրողներին ասել էր, թե սպասելի է Սուլեյմանիի սպանությանը Իրանի պատասխանը «ինչ-որ ձևով», և իրենք պատրաստ են դրան։