Ֆաթիհ Չաքըրը և Մերվե Նիսա Չաքըրն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուները՝ Ֆաթիհ Չաքըրը և Մերվե Նիսա Չաքըրը, հայր և դուստր են։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1979 և 2007 թվականներին և ապրում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Գործը վերաբերում է Իզմիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի դեպքին, որի հետևանքով մահացել է Դիմումատու Ֆաթիհի կինը։ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Դիմումատու Ֆաթիհն իր կնոջ և դստեր հետ ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ հանկարծակի կորցրել է մեքենայի կառավարումը՝ կտրուկ շրջադարձ կատարելու պահին։ Դիմումատուի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել է դատարկ բետոնե ջրանցքը։ Ավտոմեքենայի ղեկին նստած է եղել առաջին Դիմումատուն, իսկ հետևի նստատեղին նստած է եղել նրա դուստրը՝ Մերվե Նիսա Չաքըրը։ Ավտովթարի հետևանքով մահացել է Դիմումատու Ֆաթիհի կինը՝ Յեշիմը, իսկ Դիմումատուն թեթև վնասվածք է ստացել։ Առաջին Դիմումատուն բողոք է ներկայացրել Իզմիրի իշխանությունների դեմ և հայց է ներկայացրել Դատարան՝ իր ընտանիքին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ ճանապարհային արգելապատնեշը, որը վնասված է եղել համապատասխան ժամանակաշրջանում, կարող էր կանխել դժբախտ պատահարը, սակայն այն վերանորոգված չի եղել։ 2011 թվականին Դիմումատուի ներկայացրած բողոքը և պահանջը մերժվել են։ Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ Թուրքիայի Իզմիր քաղաքի ոստիկանության ներկայացրած զեկույցը՝ Թուրքիայի ներպետական դատական ատյանները տեղի ունեցած ավտովթարի համար ճանաչել են պատասխանատու Դիմումատուին, քանի որ վերջինս չի նկատել «վտանգավոր շրջադարձ» նախազգուշացնող նշանը, որը տեղեկացրել է ճանապարհի վտանգավոր տեղամասին մոտենալու մասին և կորցրել է ավտոմեքենայի վերահսկողությունը։ Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ տեղի իշխանությունները պատշաճ կերպով չեն իրականացրել աշխատանքային պարտականությունները և չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, ինչի հետևանքով մահացել է առաջին Դիմումատուի կինը (երկրորդ Դիմումատուի մայրը)։ Նրանք նաև բողոքել են իրենց գործով իրականացված հետաքննության արդարացիության մասին։ Մասնավորապես՝ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նշել են, որ Դատարանը պատշաճ կերպով հետաքննություն չի իրականացրել, չի հաստատել տեղի իշխանությունների մեղավորությունը և որոշում է կայացրել՝ բացառապես ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ոստիկանության ներկայացրած զեկույցի հիման վրա։ Այնուհետև, Դիմումատուները նաև պահանջել են տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնել և պարզել, թե ինչ խնդիրների պատճառով է ավտոմեքենան կորցրել կառավարումը։ Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուներին վճարել 10․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2000 եվրո՝ դատական ծախսերի համար: Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ