Փաստաբանին տուգանելու նախաձեռնությունը կեղծ և արհեստական օրակարգ է. «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունը

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունները շարունակում են սրնթաց արագությամբ հետընթաց ապահովել:

Հաշված օրերի ընթացքում, օրենքի ակնհայտ խախտումներով, Ազգային ժողովը քննարկեց փաստաբաններին տուգանելու մասին օրինագծերը:

Իշխանությունների այդօրինակ հապճեպ գործելակերպը վկայում է, որ փաստաբանին տուգանելու նախաձեռնությունը կեղծ և արհեստական օրակարգ է:

Փաստաբանի իրավունքների սահմանափակման ցանկացած փորձ դատապարտված է տապալման: Այդ անպտուղ ու անհեռատես քաղաքականությունը միայն ծանր հետևանքների է հանգեցնելու, և այն չի բխում հասարակության և պետության շահերից։ Իշխանությունների որդեգրած պատժիչ գործառույթներն ուղղված են ոչ միայն փաստաբանների, այլ հանրության յուրաքանչյուր անդամի դեմ, ով համարձակվում է իրացնել իր պաշտպանության իրավունքը: Համոզված ենք, որ այդ իրավունքից օգտվելու անհրաժեշտություն մոտ ապագայում ունենալու են իրենք՝ օրինագծերի ներկայիս ջատագովները:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն, վերահաստատելով իր՝ 2017թ. նոյեմբերի 11-ի հայտարարության կոչը, սատարում և միանում է բոլոր այն միջոցառումներին ու հայտարարություններին, որոնք ուղղված են օրինագծերի դեմ պայքարին:

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ անձանց ու կառույցներին՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով շարունակաբար պայքարել անապատացված արդարադատության ոլորտում միակ օազիսը համարվող փաստաբանությանը և իրավապաշտպանությանն ուղղված չարիք հանդիսացող այդ երևույթի դեմ:

Միաժամանակ հայտարարում ենք, որ խնդիրը սեղմ ժամկետներում չլուծելու դեպքում Հելսինկյան ասոցիացիան կքննարկի իր փաստաբանների առաջիկա, առավել ակտիվ գործողություններով հանդես գալու հարցը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Նինա Կարապետյանց, նախագահ, փաստաբան,
Արայիկ Պապիկյան, խորհրդի նախագահ, փաստաբան

08.02.2018թ