Վարչական գործերով քաղաքացիների և իրավաբանական անձանց վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը պետք է վերականգնվի

MarukyanՍեպտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն գրագետ ու հիմնավոր վճռաբեկ բողոքների ապահովումը, սակայն նման լուծումը չի ծառայում այդ նպատակի իրագործմանը, ավելին, այդ ճանապարհով խախտվում է Սահմանադրությամբ ու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ քաղաքացիների դատարան դիմելու իրավունքը:

Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ. այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

Մասնավորապես, ըստ Մարուքյանի, նախագծի ընդունումը հիմնավորվում է նրանով, որ տվյալ դրույթը խախտում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, առանց օբյեկտիվ հիմքի ու ողջամիտ նպատակի խտրականություն է սահմանում մասնավոր անձանց ու վարչական մարմինների միջև: Խնդիրը հիմնականում հանգում է նրան, որ վարչական գործերով անվճար փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունը մեր օրենսդրությամբ խիստ սահմանափակ է:

Հետևաբար, դատական պաշտպանության իրավունքից ու հնարավորությունից ուղղակիորեն զրկվում են բազմաթիվ քաղաքացիներ:
Ավելին, խտրական մոտեցում է ցուցաբերվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց և վարչական մարմինների միջև, քանի որ նորմը սահմանափակում է նախատեսում միայն առաջինների մասով, իսկ վարչական մարմնի անունից վճռաբեկ բողոք կարող է բերել անգամ իրավաբանական կրթություն չունեցող անձը:

Այսպիսով, գործող օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 14-րդ, 18-20-րդ հոդվածներին, ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և Եվրոպական դատարանի կողմից մինչև այժմ ձևավորված դատական պրակտիկային:

Ինչպես եզրակացնում է պատգամավոր Մարուքյանը, առաջարկվող նախագծի ընդունմամբ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ևս հնարավորություն կստանան վարչական գործերով անձամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու, հետևաբար, նրանց դատարանի մատչելիության իրավունքն այլևս չի խախտվի:

Մեկնաբանություններ