ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ:
Նիստի արդյունքում երկու խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն, որով բարձր է գնահատվում ռուս-հայկական դիվանագիտական 25-ամյա հարաբերությունների ընթացքում ձեւավորված միջխորհրդարանական փոխգործակցության մեխանիզմները՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա քաղաքական երկխոսության շրջանակում:
Ստորագրված համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության շարունակական զարգացման եւ ամրապնդման հարցում:
Միջազգային քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի հետ կապված կողմերն ընդգծել են մոտ կամ համընկնող դիրքորոշումների առկայությունը մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են աշխարհակարգի ձեւավորման խնդիրներին՝ հիմնված բազմաբեւեռության եւ միջազգային ինստիտուտների ամրապնդման, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների եւ նորմերի վրա:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Այս համատեքստում կողմերը հայտնել են իրենց աջակցությունը ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղ զարգացման ապահովմանը: Կողմերը նաեւ վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խաղաղ եւ փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում առկա սկզբունքների վրա:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված հաջողությունները:
Կարեւորվել է նաեւ փոխադարձ տնտեսական ինտեգրման խորացման եւ զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական միության՝ որպես արդյունավետ եւ մրցակցային միավորի նպատակներին եւ խնդիրներին հասնելու համար:
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության խնդիրներին՝ կողմերը կարեւորել են համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում, առավել արդյունավետ փոխգործակցության համար միջխորհրդարանական հարթակներում գործողությունները համակարգելու պատրաստակամություն են հայտնել:
Որպես պետության արտաքին քաղաքականության անքակտելի տարր՝ կողմերը մեծապես կարեւորել են նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը, ընդգծել համատեղ նիստերի անցկացման պրակտիկան՝ դիտարկելով դրանք որպես հնարավորություն՝ ազդակներ հաղորդելու ազգային օրենսդրությունների զարգացմանը եւ ներդաշնակեցման գործընթացներին, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ համատեղ նիստն անցկացնել Երեւանում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում: