Արհեստական ինտելեկտը պատրաստ է հանդես գալ դատարանում։ Այս առաջին փորձարկումը կանցկացվի փետրվարին Բրիտանիայում։ Աշխարհի առաջին ռոբոտ-իրավաբանը կաշխատի իր վստահորդի հետ սմարթֆոնով և նրան ականջակալների միջոցով կհուշի, թե ինչ պետք է ասի վերջինս իր պաշտպանության համար: Շատ երկրներում դատարաններում արգելված են համացանցին միացված հեռախոսներն ու սարքերը: Դրա համար ընկերությունը կդիմի Apple AirPods-ի օգնությանը։
Գործը վերաբերում է արագության գերազանցման համար նշանակված տուգանքին։ Կողմերի անունները չեն նշվում, սակայն նշվել է, որ DoNotPay-ը կհատուցի վստահորդին նշանակված տուգանքի գումարը գործը պարտվելու դեպքում։DoNotPay-ի գործադիր տնօրեն Ջոշուա Բրաուդերը նշել է նաև, որ դատարանը տեղյակ չի լինի ռոբոտ-իրավաբանի մասին նիստի ընթացքում։Նշենք, որ տեխնոլոգիան մշակվել է DoNotPay-ի կողմից, որը հիմնադրվել է 2015 թվականին Սթենֆորդի համալսարանի առաջին կուրսի ուսանողի կողմից:
Ռոբոտը ի սկզբանե նախատեսված էր կայանման համար նշանակված տուգանքները բողոքարկելու համար, բայց ժամանակի ընթացքում վերածվել է լիարժեք իրավաբանի։ Նորագույն այս տեխնոլոգիան կոչում են «անօրինական»: Բայց տեխնոլոգիայի հեղինակներն այնքան էլ մտահոգված չեն իրավական հետևանքներով և նշում են, որ դա «ընդամենը երթևեկության կանոնների խախտման մասին գործ է»: