Չինաստանը խնդրել է ԱՀԿ-ում արբիտրների խումբ հրավիրել 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ չինական պողպատի և ալյումինի ներկրման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Չինաստանը դիմել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմին՝ երկու երկրների միջև առաջացած առևտրային վեճը կարգավորելու համար ԱՀԿ արբիտրների խումբ հրավիրելու պահանջով։ Այս մասին հաղորդել է Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը։ Այսկերպ, Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել չինական պողպատի և ալյումինի ներկրման համար լրացուցիչ մաքսատուրքերի կիրառումը և երկխոսության միջոցով կարգավորել երկկողմ առևտրային հարաբերությունները։

«Չինաստանը՝ հանդիսանալով ԱՀԿ անդամ պետություն, իրավունք ունի բողոքել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշման դեմ և դադարեցնել ԱՄՆ-ի նկատմամբ ԱՀԿ կանոններով սահմանված որոշ պարտականությունների իրագործումը։ Մենք հուսով ենք, որ շուտով ԱՄՆ-ն կչեղարկի ԱՀԿ կանոնները խախտող որոշումները՝ երկու երկրների միջև ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը կարգավորելու համար։ Մենք պետք է ԱՀԿ-ում բանակցություններ վարենք և երկխոսության միջոցով կարգավորենք բոլոր խնդիրները, քանի որ ներկայումս Չինաստանը և ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրներն են, և նրանց միջև համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է»,- հայտարարել է այս կապակցությամբ Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարը։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իր որոշումներով բազմիցս խախտել է ԱՀԿ կանոնները և միջազգային առևտրային հարաբերություններում խտրական մոտեցում է ցուցաբերել։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու որոշման մասին: Բացի այդ, այս տարվա սեպտեմբերի 24-ից Չինաստանից ԱՄՆ ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար նոր 10-տոկոսանոց մաքսատուրքեր են կիրառվում։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է 267 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար հավելյալ մաքսատուրքեր սահմանելու իր մտադրության մասին։ Ի պատասխան ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների՝ Չինաստանը ամերիկյան արտադրանքի 128 տեսակի ապրանքների ներկրման համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին որոշում է կայացրել։

Մեկնաբանություններ