Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն

Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Մասնավորապես՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ արևային մարտկոցների և չինական արտադրանքի լվացքի մեքենաների ներմուծման համար սահմանափակումներ և մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Չինաստանի Առևտրի նախարարի խոսքերով՝ նոր սահմանափակումներ և մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ-ի կողմից կայացված որոշումը մեծ վնաս է հասցրել Չինաստանի տնտեսությանը, խոշոր չափերի վնաս է պատճառել երկրի օրինական շահերին, ինչպես նաև՝ լուրջ ազդեցություն է թողել Առևտրի համաշխարհային կազմակերպության հեղինակության վրա։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իր այս որոշմամբ խախտել է ԱՀԿ կանոնները։

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին հարգել և հետևել ԱՀԿ կանոններին և լուրջ քայլեր ձեռնարկել՝ երկրների հետ առևտրային հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները լարվել են 2018 թվականի հունվարին։ ԱՄՆ նախագահի դժգոհություններից մեկի պատճառ է հանդիսացել առևտրի դեֆիցիտը։ Այնուհետև, նա չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանելու մասին որոշում է կայացրել։ Երկու երկրներն արդեն մի շարք սահմանափակումներ են սահմանել տարբեր ապրանքների ներմուծման համար, որի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար։

Մեկնաբանություններ