Ընթացիկ տարվա հուլիսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար հակադեմպինգային միջոցների կիրառման մասին Ուկրաինայի իշխանությունների կայացրած որոշմանը։ Օգոստոսի 23-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը պետք է որոշում կայացնի բողոքարկման վերաբերյալ 3 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսին Ուկրաինան որոշել է 5 տարով հակադեմպինգային միջոցներ կիրառել ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար։ 2015 թվականի մայիսին Ռուսաստանը հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ ԱՀԿ։ 2018 թվականի հուլիսին ԱՀԿ Արբիտրաժային խումբը վճռել է, որ ամոնիումի նիտրատի ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու և հակադեմպինգային միջոցներ կիրառելու մասին Ուկրաինայի կայացրած որոշումը խախտել է հակադեմպինգային մաքսեր սահմանելու մասին միջազգային կազմակերպության համաձայնագիրը։ Այնուհետև, ԱՀԿ Արբիտրաժային խումբը կարգադրել է Ուկրաինային ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար նոր որոշում կայացնել՝ ԱՀԿ կանոնների համաձայն:
Նշենք՝ ԱՀԿ-ն կառավարվում է իր անդամ երկրների կառավարությունների կողմից: Առանցքային որոշումները կայացնում են անդամ երկրների նախարարները կամ նրանց դեսպանորդները կամ պատվիրակները: Որոշումները սովորաբար ընդունվում են կոնսենսուսի` ընդհանուր համաձայնության միջոցով, որոնք հանդիսանում են ԱՀԿ անդամ երկրների միջև կայացած բանակցությունների արդյունքները: ԱՀԿ կանոնների համաձայն` բոլոր անդամ երկրները կարող են ներկայություն ունենալ բոլոր խորհուրդներում, հանձնաժողովներում և այլն՝ բացառությամբ Բողոքարկման և Վեճերի կարգավորման մարմինների և բազմակողմ կամավոր համաձայնագրերի հարցերով հանձնաժողովների: Վեճերը կարգավորող մարմինն ունի երկու օժանդակ կառույց` Վեճերը կարգավորող «փորձագետների խումբը», որը կոչված է լուծել չլուծված վեճերը, և Բողոքարկման մարմինը, որը զբաղվում է բողոքարկումներով: