Շախմատի դպրոցների աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացին, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին և աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները համակարգող քաղաքապետի խորհրդականին ու մյուս պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել արդեն հաջորդ տարեսկզբից քաղաքապետարանի ենթակայության շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային մանկապարտեզների 4700 աշխատակիցներ նույնպես կստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ:

Այս մասին տեղեկանում ենք  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: