«Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը բանակցությունների փուլում է։ Ներդրում անել պատրաստվող «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները երեկ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն, նաև բանակցային կողմ հանդիսացող Կարեն Իսրայելյանը:
«ՀՀ կառավարության հետ հանդիպումը եղավ բավական բովանդակալից, Կառավարության ներկայացուցիչը Վաչե Գաբրիելյանն էր: Կողմերը փոխադարձ ցանկություն հայտնեցին «Նաիրիտի» վերագործարկման հարցում. պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ստորագրել համապատասխան փաստաթուղթ»,– նշեց Կարեն Իսրայելյանը:
Նախկին տնօրենը տեղեկացրեց, որ մշակվելու է փաստաթուղթ, որով հոլդինգի ներկայացուցիչները տեխնիկական աուդիտ են անցկացնելու գործարանում Կառավարության համաձայնությունը ստանալուց հետո:
Դեռ մեկ տարի առաջ Հոլդինգը կառավարություն է ներկայացրել գործարանի վերագործարկման ծրագիր, համաձայն որի՝ «Նաիրիտի» վերագործարկումը հնարավոր է կատարել մեկուկես տարի ժամանակահատվածում՝ ներդնելով 70-100 միլիոն դոլար. «Դա մեկ տարի առաջ էր,սակայն հիմա «Նաիրիտ»-ում ահագին բան է փոխվել, գույք է օտարվել, դրա համար հոլդինգը պետք է տեխնիկական հետազոտություն անցկացնի, որ հասկանա, թե որքան գումար է հարկավոր վերագործարկման համար»,- ասաց նա:
«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները ցանկանում են գործարանում տեխնիկական աուդիտ անցկացնել, իսկ այժմ սպասում են Կառավարության թույլտվությանը:
Հոլդինգի անգլիացի ներկայացուցիչ Գարի Նևիլն ասաց, որ իր կարծիքով գործարան վերագործարկելը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է, և պահանջում է նախ և առաջ հետազոտական աշխատանքներ:
«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի Բուլղարիայի ներկայացուցիչ Պլամեն Ռուսեւի խոսքերով գործարանը լավ վիճակում է, լավ պահպանված է՝ հաշվի առնելով, որ մոտավորապես 7 տարի է, ինչ չի գործարկվել. «, իհարկե, նկատառումներ կան, բայց դրանց վերաբերյալ կլինի համաձայնագիր, կնշվի հստակ ժամանակահատված` մոտավորապես 6 ամիս: Այդ ժամանակահատվածում մենք կիրականացնենք լավ և ընդհանուր տեխնիկական զննություն, որից հետո հնարավորություն կունենանք ասելու գործարանի վերագործարկման ճշգրիտ ժամանակահատվածը»,- նշեց նա, հավելելով, որ հույս ունի մոտավորապես 2 տարուց գործարանի գոնե որոշակի հատվածի վերագործարկումը կիրականանա:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի