«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի ա կետը սահմանում է միջազգային պայմանագրի հասկացությունը՝ «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից»։
Միջազգային պայմանագիրը միջազգային իրավունքի կարևորագույն աղբյուրներից մեկն է։ Ի հակադրումն իրավունքի ստեղծմանը սովորույթի միջոցով, միջազգային պայմանագրերը (կամ միջազգային կոնվենցիաները) ավելի ժամանակակից և որոշակի մեթոդ են դրա համար [1]։ Միջազգային իրավունքի ծագման և զարգացման սկզբնական փուլերում սովորույթն այն գլխավոր միջոցն էր, որի օգնությամբ ամրագրվում էին միջազգային շփման ձևավորվող կանոնները։ Սակայն, սկսած 19-րդ դարի վերջից, սովորույթն աստիճանաբար տեղը զիջեց պայմանագրին, և արդի միջազգային իրավունքի նորմերի հիմնական մասն ամրագրված է միջազգային պայմանագրերում [2]։
Միջազգային պայմանագրերը ունեն պարտադիր բնույթ դրանց մասնակից պետությունների համար՝ ըստ pacta sunt servanda սկզբունքի։ Այսինքն, «միջազգային պայմանագիրը պետք է կատարվի դրա բոլոր կողմերի կողմից։ Այն պետք է կիրառվի պետության բոլոր մարմինների կողմից, ինչի շնորհիվ պայմանագրում ամրագրված իրավունքներն ու պարտականությունները մտնում են ուժի մեջ» [3]։ Pacta sunt servanda սկզբունքը ամրագրված է նաև «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 26-րդ հոդվածում։
Միջազգային իրավունքի աղբյուր լինելուն զուգահեռ միջազգային պայմանագիրը նաև Հայաստանի Հանրապետության ներպետական իրավունքի աղբյուր է։ Ըստ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է։
2015թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում կատարելագործվեց միջազգային պայմանագրերին վերաբերող ներպետական օրենսդրությունը, 2018թ. ընդունվեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ նոր օրենք, որը «… կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, չեղյալ հայտարարման, գործողության երկարաձգման և կասեցման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները» («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդված 1):
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «…Հայաստանի Հանրապետության ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ Հանրապետության նախագահի կողմից հաստատվելու միջոցով»։
Այսինքն՝ գոյություն ունի միջազգային պայմանագրի՝ ՀՀ իրավական համակարգ «ներթափանցելու» երկու տարբերակ՝ Ազգային ժողովի վավերացմամբ կամ Հանրապետության նախագահի կողմից հաստատվելու միջոցով։
Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն դեպքերը, երբ միջազգային պայմանագիրը պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից՝ «Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին.
2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.
3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.
4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.
5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.
6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.
7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր»:
Իսկ մնացած բոլոր դեպքերում ՀՀ միջազգային պայմանագիրը պետք է հաստատվի Հանրապետության նախագահի կողմից՝ կառավարության առաջարկությամբ, ինչն ամրագրված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում։
Թեև միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, բայց առաջանում է հարց, թե ինչպիսի իրավաբանական ուժ նրանք ունեն։ Սահմանադրությունը այս հարցի վերաբերյալ թերևս տվել է մասնակի լուծում։ Մասնավորապես, Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Ընդ որում՝ «Այս նորմը չի կարելի հասկանալ որպես վավերացված պայմանագրերի ընդհանուր գերակայություն դրանց հակասող օրենքների նկատմամբ: Եթե օրենքի որևէ դրույթ հակասում է վավերացված միջազգային պայմանագրին, ապա օրենքի համապատասխան դրույթը կոնկրետ դեպքում չի գործում, սակայն այն չի կորցնում իր իրավաբանական ուժը» [4]:
Սահմանադրությունը, փաստացի սահմանելով ավելի բարձր իրավաբանական ուժ վավերացված միջազգային պայմանագրերի համար, որևէ նշում չի պարունակում Հանրապետության նախագահի կողմից հաստատման ենթակա միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժի մասին։ Այդպիսի նորմ բացակայում է նաև «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում։
ՌԴ-ում ևս առաջացած այս հիմնախնդրի վերաբերյալ Մ. Մարչենկոն նշում է, որ «… լիովին հիմնավոր և տրամաբանական է իրավաբանական գրականությունում արտահայտված այն պնդումը, որի համաձայն՝ ՌԴ այն միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժը, որոնք հաստատվել են ՌԴ նախագահի հրամանագրով, հավասար է հենց իր՝ հրամանագրի իրավաբանական ուժին։ Համապատասխանաբար, ՌԴ այն միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժը, որոնք հաստատվել են ՌԴ Կառավարության որոշմամբ, հավասար է տվյալ որոշման իրավաբանական ուժին»։ Շարունակելով՝ հեղինակը գրում է, որ «…վերոնշյալ երկու խումբ միջազգային պայմանագրերը, ինչպես և դրանք հաստատած նորմատիվ իրավական ակտերը, ոչ միայն առավելություն չունեն ՌԴ դաշնային օրենքների նկատմամբ, այլ ընդհակառակը, գտնում դրանցից ներքև, կնքվում և իրագործվում են դրանց համապատասխան։ Այն միջազգային պայմանագրերը, որոնք «Միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի համաձայն, հաստատված են ՌԴ նախագահի կամ Կառավարության կողմից, առավելություն ունեն միայն նախագահական, կառավարական կամ ստորադաս մարմինների կողմից ընդունված այլ ակտերի նկատմամբ» [5]։
Համակարծիք լինելով վերը նշված դիրքորոշմանը՝ գտնում ենք, որ ՀՀ-ում Հանրապետության նախագահի կողմից հաստատված միջազգային պայմանագրերը չեն կարող ունենալ նույն իրավաբանական ուժը, ինչ վավերացված միջազգային պայմանագրերը։ Հանրապետության նախագահի կողմից հաստատված միջազգային պայմանագրերը գտնվում են ավելի ցածր մակարդակում, և դրանց իրավաբանական ուժը ավելի բարձր է միայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաբանական ուժից, այսինքն՝ Հանրապետության նախագահի կողմից հաստատված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում պիտի կիրառվեն օրենքների նորմերը։
Հարցերի տեղիք է տալիս նաև վավերացված միջազգային պայմանագրերի հարաբերակցությունը սահմանադրական օրենքների հետ։ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝
«2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Հարց է առաջանում՝ արդյոք վերոնշյալ 3-րդ մասում օգտագործվող «օրենք» եզրույթը իր մեջ բովանդակում է նաև սահմանադրական օրենքները։ Կարծում ենք՝ այո, քանի որ սահմանադրական օրենքը վերջիվերջո օրենքի տարատեսակ է, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության նմանատիպ այլ նորմերում (օրինակ՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասը կամ 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը) «օրենք» եզրույթի տակ հասկացվում են ինչպես օրենքները, այնպես էլ սահմանադրական օրենքները։ Մասնավորապես, նախագահը բազմիցս դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը սահմանադրական օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով, իսկ Սահմանադրական դատարանն էլ համապատասխան որոշում է կայացրել սահմանադրական օրենքների կոնկրետ դրույթների սահմանադրականության հարցով [6]։
Հետևաբար, սահմանադրական օրենքների և վավերացված միջազգային պայմանագրերի միջև հակասությունների դեպքում ևս պետք է կիրառվեն վավերացված միջազգային պայմանագրի նորմերը, այսինքն՝ նրանք ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան սահմանադրական օրենքները։
Այսպիսով, գտնում ենք, որ ՀՀ իրավական համակարգում իրավական ակտերի աստիճանակարգությունում միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժը սահմանվում է հետևյալ կերպ.
- Սահմանադրություն,
- վավերացված միջազգային պայմանագրեր,
- սահմանադրական օրենքներ,
- օրենքներ,
- հաստատված միջազգային պայմանագրեր,
- ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
Միևնույն ժամանակ գտնում ենք, որ անհրաժեշտ է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների միջոցով սահմանել Հանրապետության նախագահի կողմից հաստատված միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժը և հարաբերակցությունը նորմատիվ իրավական ակտերի տարբեր տեսակների հետ։
Ինչպես նաև, խնդրահարույց են Հանրապետության նախագահի կողմից հաստատված միջազգային պայմանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը և դրան ուղղված կառուցակարգերը։
Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Դրան համապատասխան՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանին տրված է լիազորություն առ այն, որ ՍԴ-ն «մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը»։ Այսինքն, Կառավարությունը վավերացման ենթակա օրենքը նախ պետք է ուղարկի ՍԴ, և միայն ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության դեպքում միջազգային պայմանագիրը կարող է վավերացվել խորհրդարանում։
Ի տարբերություն վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի՝ Հանրապետության նախագահի հաստատմանը ենթակա միջազգային պայմանագրերի նկատմամբ չկա Սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում Հանրապետության նախագահի կողմից դրա հաստատվելու պոզիտիվ արգելք։ Չկա նաև այսպիսի միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու հնարավորություն ո՛չ մինչև Հանրապետության նախագահի կողմից հաստատումը, ո՛չ էլ դրանից հետո։ Այսինքն, ՀՀ իրավական համակարգում տեսականորեն կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ Հանրապետության նախագահի կողմից հաստատվի պայմանագիր, որը կհակասի Սահմանադրությանը, իսկ այդ պայմանագրի՝ հակասահմանադրական ճանաչվելու ընթացակարգը բացակայում է։
Գտնում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության, ՀՀ իրավական համակարգի ամբողջականության և ՀՀ Սահմանադրության գերակայության, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից անհրաժեշտ է առնվազն սահմանել, որ Հանրապետության նախագահի հաստատմանը ենթակա միջազգային պայմանագրերը ևս չեն կարող հաստատվել, եթե հակասում են Սահմանադրությանը։
Ինչպես նաև, անհրաժեշտ ենք համարում համապատասխան կառուցակարգի սահմանումը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել վերը նշված արգելքը։ Մասնավորապես, անհրաժեշտ է ընդլայնել ՍԴ-ի լիազորությունները՝ թույլ տալով նրան որոշել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը մինչև դրանց հաստատումը Հանրապետության նախագահի կողմից կամ առնվազն այդպիսի հաստատումից հետո։
Անդրադառնանք նաև միջազգային պայմանագրերի գործողության կասեցման և դրանց չեղյալ հայտարարման ընթացակարգերին։
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 54-72-րդ հոդվածները անդրադառնում են այնպիսի երևույթների, ինչպիսիք են միջազգային պայմանագրի գործողության կասեցումը և չեղյալ հայտարարումը, դրանց հիմքերը, ընթացակարգը և հետևանքները։
Մասնավորապես, Կոնվենցիայի 54-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանագրի դադարեցումը կամ մասնակցի դուրս գալը կարող է տեղի ունենալ.
ա) պայմանագրի դրույթներին համապատասխան, կամ
բ) բոլոր մասնակիցների համաձայնությամբ` ցանկացած ժամանակ պայմանավորվող մյուս պետությունների հետ խորհրդակցելուց հետո։»։
Այսինքն, Վիեննայի կոնվենցիայով սահմանվում են որոշակի հիմքեր, որոնց դեպքում միայն հնարավոր կլինի դադարեցնել պայմանագիրը կամ կասեցնել դրա գործողությունը։ Այս սահմանափակումները գործում են ամենից առաջ որպես pacta sunt servanda սկզբունքի ապահովման երաշխիք։ Յուրաքանչյուր գործող միջազգային պայմանագիր պարտադիր Է դրա մասնակիցների համար և պետք Է նրանց կողմից բարեխղճորեն կատարվի։ Ընդ որում, պայմանագրի չեղյալ հայտարարման կամ գործողության կասեցման ընթացակարգը չպետք է ծառայի պետության կողմից ստանձնած պարտավորություններից խուսափելուն։
Ավելին, Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին նախադասության համաձայն՝ «Մասնակիցը որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները։»։ Այսինքն, այդ թվում նաև միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու կամ դրա գործողության կասեցման վերաբերյալ ներքին իրավունքի դրույթները վկայակոչելու միջոցով պետությունը չի կարող խուսափել միջազգային պայմանագրի կատարումից։
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, սակայն, պարունակում է հիմնականում ընթացակարգային բնույթի իրավական նորմեր միջազգային պայմանագրերի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման վերաբերյալ։ Մասնավորապես, հաստատված միջազգային պայմանագրի դեպքում ընդունվում է տվյալ պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիր, իսկ վավերացված միջազգային պայմանագրի դեպքում՝ տվյալ միջազգային պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենք։
Մինչդեռ օրենքում չեն սահմանվում այն հիմքերը, դեպքերը, իրավիճակները, երբ միջազգային պայմանագիրը, որի կողմ է նաև ՀՀ-ն, կարող են չեղյալ հայտարարվել, կամ նրանց գործողությունը կարող է կասեցվել։ Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանել միջազգային պայմանագրերի գործողության կասեցման կամ չեղյալ հայտարարման հիմքերը՝ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիային համապատասխան։
Ինչպես նաև, հաստատված միջազգային պայմանագրերի՝ օրենքներին ստորադաս լինելու պայմաններում պրակտիկայում չեն բացառվում դեպքերը, երբ հաստատված միջազգային պայմանագրերը չկատարվեն՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից կամ այլ կերպ դրանք ՀՀ օրենքներին հակասող հայտարարելու կամ ճանաչելու արդյունքում։ Այսպիսի գործելակերպը, սակայն, ուղղակիորեն կհակասի Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածի կարգավորմանը և ըստ էության կհանդիսանա միջազգային պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն։ Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է օրենքի մակարդակով ուղղակիորեն արգելել հաստատված միջազգային պայմանագրերի՝ ներպետական ընթացակարգով օրենքին հակասող ճանաչման և արդյունքում դրանց չկատարման հնարավորությունը։
Վերլուծությունը կատարվել է «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Վոլոդյա Մազմանյանի կողմից։
Աղբյուրներ
[1] M. N. Shaw, International Law. Cambridge University Press, New York, 2008, էջ 93
[2] Քոչարյան Վ., Միջազգային իրավունք, Եր.: Երևանի համալսարանի հրատարակչություն, 2002թ., էջ 21
[3] M. E. Villiger, Commentary on the 1969 Vienna Convention on the Law of Treaties. Leiden, Martinus Nijhoff Publishers, 2009, էջ 366
[4] Պողոսյան Վ., Սարգսյան Ն., Հայաստանի Հանրապետության 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը։ Համառոտ պարզաբանումներ, Եր.: Տիգրան Մեծ, 2016, էջ 29
[5] Марченко М. Н., Источники права, М.: Проспект, 2015, էջեր 327-328
[6] Oրինակ, ՀՀ Սահմանադրական դատարանի 31.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1518 և 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշումները