ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 24 հազար եվրո վճարել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։

Հայցվորները դպրոցում ծեծի հետևանքով մահացած Դենեիկ Գ.-ի պապն ու մայրն են: 10-ամյա տղան մահացել է պետական դպրոցում երկու համադասարանցու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Դա տեղի է ունեցել ուսուցչուհու՝ դասասենյակից բացակայելու ժամանակ:

Միջադեպի օրը բուժանձնակազմից որևէ մեկը ներկա չի եղել դպրոցում: Հայցվորների պնդմամբ՝  Դերենիկ Գ.-ն մահացել է դպրոցի ղեկավարության կողմից իրենց հսկողության տակ գտնվելու ընթացքում տղայի կյանքը պաշտպանելու իրենց պարտականությունը չկատարելու հետևանքով։ Բացի այդ, նրանք բողոքել են, որ տեղի իշխանությունները չեն կարողացել իրականացնել նրա մահվան արդյունավետ հետաքննություն: 

Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը եղել է սուր շնչառական անբավարարության զարգացումը և սրտի ֆունկցիայի խանգարումը, որը պայմանավորված է էպիլեպսիայի նոպայով, որը, հավանաբար, իր հերթին, կապված է ծեծի և նրա հոգեբանական ու հուզական վիճակի հետ:

Չի վիճարկվել, որ դպրոցի իշխանությունները տեղյակ չեն եղել Դերենիկ Գ.-ի առանձնահատուկ խոցելիության մասին՝ կապված նրա առողջական խնդիրների, այն է՝ սինկոպի (ուշագնացության) հետ։ Այնուամենայնիվ, ախտորոշված չէր, որ տղան տառապում էր էպիլեպտիկ նոպաներից, և ակս առնչությամբ որևէ կոնկրետ խորհրդատվություն չէր տրվել: Այս հանգամանքներում դպրոցի ղեկավարությանը չի պահանջվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել Դերենիկ Գ.-ին:

Թեև սկզբունքորեն ուսումնական հաստատությունը պարտավոր էր իր խնամքի տակ անցկացրած ժամանակահատվածում վերահսկել աշակերտներին, ուսուցչական կազմի անդամներից չէր կարելի ակնկալել, որ ապահովեն յուրաքանչյուր աշակերտի մշտական հսկողությունը՝ ցանկացած անկանխատեսելի վարքագծին ակնթարթորեն արձագանքելու համար: Դատարանը լիովին գիտակցում է այն ռիսկերի շրջանակը, որոնց կարող են ենթարկվել երեխաները, և դպրոցի ղեկավարության գերագույն պարտականությունը՝ վերահսկիչ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու աշակերտների անվտանգությունը և պաշտպանելու նրանց բռնության բոլոր ձևերից, որոնց նրանք կարող են ենթարկվել իրենց վերահսկողության տակ գտնվելու ընթացքում: 

Այնուամենայնիվ, չէր կարելի ենթադրել, որ դեպքի օրը եղել է որևէ գործոն, որը պահանջել է հատուկ ուշադրություն կամ միջոցներ ձեռնարկել ուսուցչի կողմից, քանի որ նա տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առանձնահատուկ խոցելիության մասին՝ կապված նրա առողջության հետ, բացի այդ, աշակերտների միջև բռնության որևէ դեպք նախկինում տեղի չէր ունեցել նրա դասարանում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դժվար է պնդել, որ, դասասենյակը լքելով, ուսուցիչը վտանգի է ենթարկել Դերենիկ Գ.-ի անվտանգությունը:

Հետևաբար, բավարար ապացույցներ չկան՝ եզրակացնելու, որ դպրոցի ղեկավարությունը չի կատարել 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը:

Ինչ վերաբերում է տղայի մահվան գործով հետաքննությանը, ապա ՄԻԵԴ-ի վճռում նշվում է, որ միջադեպի հանգամանքների հետաքննության ընթացքում լուրջ թերացումներ և ձգձգումներ են եղել։ Վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումը, քրեական գործի հարուցումը ժամանակին չի կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը։

Արձանագրվել է նաև մանրակրկիտության պակաս: Մասնավորապես, քրեական դատավարությունը սահմանափակվել է բացառապես ծեծի հանգամանքով՝ անխուսափելիորեն հետաքննության շրջանակը նեղացնելով միայն այս հարցի շուրջ: Հետաքննությունը չի կարողացել պատշաճ կերպով ուսումնասիրել իրադարձությունների ամբողջ շղթան, որը հանգեցրել է Դերենիկ Գ.-ի մահվան, այդ թվում՝ միջադեպի համար դպրոցի ղեկավարության պատասխանատվության ավելի լայն հարցը։

Արդյունքում դատարանը վճռել է, որ  հայցվորներին պետք է 24 000 եվրո տրամադրվի՝ որպես ոչ նյութան վնասի փոխհատուցում:

Հղումը՝ https://www.tert.am/am/news/2021/11/30/hudoc/3734254

Մեկնաբանություններ