Քիչ առաջ դասադուլ հայտարարծ ուսանողները՝ իրազեկման երթ իրականացնելուց հետո, նորից վերադարձան ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց, որից հետո «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ:
Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք ունենք 4 պահանջ՝ Արամ Սիմոնյանի հրաժարականը, համալսարանում աուդիտի անցկացում, հոգաբարձուների խորհուրդի լուծարում և ուսանողական խորհուրդի գործունեության ժամանակվոր կասեցում:
«Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել արժեքների և սկզբունքերի հեղափոխություն, և մեզ մոտ այժմ տեղի է ունենում մշակութային հեղափոխություն»,- ասաց նա:
Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ մինչև ԵՊՀ-ում չստեղծվեն ուսանողների և դասախոսների համար արժանապատիվ պայմաններ, սովորելու և դասավանդելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ հեղափոխությունը ԵՊՀ չի մտնի:
«Մենք չենք պատրաստվում լինել բիզնես կենտրոնի անդամներ: Համալսարանում չկա ակադեմիական ազատություն, համալասրանում մինչև հիմա ուսանողներին հետապնդում են իրենց քաղաքական հայացքների համար: Եթե բուհում չկա ակադեմիական ազատություն, այդ բուհը չի կարող կոչվել մայր բուհ: Այստեղ խնդիրը ոչ թե մայր բուհի մեջ է, այլ մի քանի անձանց, որոնց հանդուրժել այլևս չենք կարող»,- հայտնեց նա:
Այնուհետև ուսանողները մտան ԵՊՀ գլխավոր մասնաշենք և շարժվեցին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ՝ նրան իրենց պահանջները ներկայացնելու համար:
Ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց ուսանողների հետ: Դավիթ Պետրոսյանն առաջարկեց տեղափոխվել Գիտխորհրդի դահլիճ, որպեսզի մյուս ուսանողները ևս հնարավորություն ունենան ներկա գտնվել հանդիպմանը և որոշեցին տեղափոխվել Գիտխորհրդի դահլիճ: