«Մենք գրեթե ոչինչ չարեցինք «Հաց բերող»-ին հասարակության կողմից պահանջված արդար դատին հանձնելու համար». փաստաբան

Այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցն է, և ի հիշատակ նրա Ազատության հրապարակում իրականացվեց հանրահավք-երթ: 

Երթին ներկա էին բազմաթիվ մարդիկ, որոնք 1 րոպե լռությամբ հարգեցին Արթուր Սարգսյանի հիշատակը, որից հետո սկսեցին ելույթներով հանդես գալ: Հարթակից ելույթ ունեցող անձինք հիշեցին Արթուր Սարգսյանի կատարած գործերը և հույս հայտնեցին, որ մի օր Երևանում կկանգնեցվի «Հաց բերող»-ի հուշարձանը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ իր ելույթում հայտնեց, որ Արթուր Սարգսյանի ֆիզիկական բացակայության համար՝ մարդկային և բարոյական առումով, մեզանից յուրաքանչյուրն ունի  իր մեղքի բաժինը. «Մենք չափազանց քիչ ջանք գործադրեցինք տեր կանգնելու մեր իշխանությանը: Մենք գրեթե ոչինչ չարեցինք ‹‹Հաց բերող»-ին  հասարակության կողմից պահանջված արդար դատին հանձնելու համար»:

Փաստաբանի խոսքերով մենք տարիներ շարունակ ապրում ենք արդարության և օրինականության քաղցի պայմաններում, իսկ Արթուրն իր անձնազոհ օրինակով ընդվզեց, ապստամբեց և բոլորիս ցույց տվեց, թե  որն է արդարությունը:

«Նա հաց բերելով վերացրեց մեր քաղցը: Նա ապստամբելով բերեց արդարություն և բարոյականություն: Հաց տալով և իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է վերացնել քաղցը»,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Ելույթներից հետո Ազատության հրապարակում գտնվող անձինք՝ հացերը ձեռքներին, սկսեցին երթ իրականացնել Երևանի փողոցներով:

Հիշեցնենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը  մահացել է 2017 թվականի մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա մեղադրվում էր ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբին օժանդակելու մեջ, քանի որ գնդի գրավման օրերին ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատը և սնունդ հասցրել խմբի անդամներին:

Մեկնաբանություններ